«Դպրոցում ես իսկական փորձանք էի»․ Հայ աստղաֆիզիկոսի կյանքի ուղին ու տիեզերական երաժշտությունը

Հայտնի աստղաֆիզիկոսների մեջ ամենուր դուք կարող եք հայերի տեսնել։ Նրանց թվում  է փառքի ու ճանաչման հասած Գարիկ Իսրայելյանը, ով արդեն երկար ժամանակ է ինչ համաշխարհային համբավ ունեցող Starmus փառատոնի գլխավոր կազմակերպիչն է:

Նա երազում էր դառնալ ռոք- կիթառահար, բայց դարձավ աստղաֆիզիկոս։ «Դպրոցում ես իսկական փորձանք էի»,- իր վաղ պատանեկությունն այսպես է բնութագրում Գարիկը: Դպրոցն ավարտելու պահին նա բուհ ընդունվելու մասին չէր էլ մտածում, քանի որ երազում էր արտիստ դառնալ և ռոք նվագել սիրելի կիթառով:

Բայց այնպես ստացվեց, որ Տարկովսկու «Սոլյարիսը» ֆիլմը ամբողջությամբ փոխեց նրա կյանքը։ Սկսեց ուսումնասիրել ֆիզիկական ֆակուլտետ ընդունվելու համար անհրաժեշտ առարկաներն ու մասնագիտացավ աստղաֆիզիկայի ոլորտում:

Մի քանի տարի անց սկսեց դասավանդել Բրյուսելի համալսարանում, իսկ ավելի ուշ` Սիդնեյում։ Այժմ նա պրոֆեսոր է: Գիտական շրջանում նրան հեղինակություն բերած աշխատանքը մի ուսումնասիրություն էր, որը բացատրում է սև խոռոչների առաջացումը: Նա համոզվեց ու համոզեց բոլորին, որ տիեզերքը հնչում է, երգում:

2011-ին Գագարինի թռիչքի կեսդարյա տարեդարձը պայծառ միտք ծնեց Իսրայելյանի գլխում։ Ի հայտ եկան բազմաթիվ գաղափարներ, բացի իրական ռոք փառատոնից, կազմակերպվեցին առաջատար գիտնականների մասնակցությամբ տարաբնույթ «կլոր սեղաններ», հանդիպումներ տիեզերագնացների հետ:

Հետո այլ փառատոններ անցկացվեցին, նույն տեղում` Կանարյան կղզիներում 2014 և 2016 թ-ին։ Դրանք ավանդույթ դարձան ու հիմա այդ միջոցառումները կոչվում են «գիտության և երաժշտության փառատոներ»: