«Պատերազմից մեկ տարի անց մենք իրանից լուր չունեինք, ԴՆԹ-ն չէր համընկնում, հույս ունեինք, որ գերության մեջ է». կարդացե՛ք ՀԵՐՈՍ ԱՌՆՈԼԴԻ պատմությունը

44-օրյա պատերազմի հերոս Առնոլդ Հովսեփյանը զոհվել է հոկտեմբերի 3-ին, սակայն նրա մասունքները հայտնաբերվել են պատերազմից մեկ տարի անց՝ 2021 թվականի նոյեմբերի 9-ին՞ Ընտանիքն Առնոլդի զոհվելու մասին մեկ տարի տեղեկություն չի ունեցել. մտածել են, որ որդին գերության մեջ է, մի օր վերադառնալու է:

«Պատերազմից մեկ տարի անց նոր հաստատվեց, որ Առնոլդը զոհվել է: Այդ ընթացքում՝ ինչ իրենից լուր չունեինք, ԴՆԹ-ն չէր համընկնում, մենք հույս ունեինք, որ գերության մեջ է, հետ է գալու»,- պատմեց քույրը՝ Սիրանը:

Առնոդլը ծառայում էր Ջրականում: Կես տարվա զինծառայող էր, երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսվեց: Առնոլդը երեք օր շարունակ չի կարողացել կապ հաստատել ընտանիքի հետ: Ծնողների հետ խոսել հաջողվել է սեպտեմբերի 30-ին՝ դիրքերից գտած պատահական հեռախոսով:

Հայրը նշում է, որ որդին տուն է զանգել նաև հոկտեմբերի 1-ին՝ հույս տվել, որ ամեն ինչ լավ է: Մայրը վերջին անգամ տղայի հետ չի կարողացել խոսել, քույրն ասում է՝ ուշաթափվել է:

Առնոլդն այլ ժամկետային զինծառայողների հետ մարտերի է մասնակցել Ջրականի Անանուն բարձրունքում: Վեց օր շարունակ պայքարել են թշնամու հատուկ ջոկատայինների դեմ: Այս տեղեկություններն Սամվել Հովսեփյանին փոխանցել է Առնոլդի ծառայակիցներից մեկը՝ գերությունից վերադառնալուց հետո:

«Մեր տղաները մարտնչել են հերոսաբար: Ջրականի գունդը մեկ շաբաթից ավելի թշնամուն չի թողել, որ առաջանա: Տղաները պարզապես ուժասպառ են եղել, շատերը զոհվել են, վիրավորվել, գունդը սկսել է փոքրանալ»,-պատմում է հայրը:

Պատերազմից մեկ տարի անց Առնոլդ Հովսեփյանը հուղարկավորվել է Եռաբլուրում, հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին աստիճան մեդալի:

Առնոլդը Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքից է: Գյուղում իր և պատերազմի զոհերի հիշատակին պուրակ են հիմնել, անվանական ծառեր տնկել: Պուրակում կախված է նաև պատերազմում գյուղից միակ զոհվածի՝ Առնոլդի լուսանկարը: