«Հրամանատա՛ր, նույնիսկ Աստված մեզ չի կարողացել բաժանել, Դուք ո՞նց եք բաժանելու». կարդա՛ ՀԵՐՈՍ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻ անչափ հուզիչ պատմությունը

Քաղաքում Վահե և Էդգար Առաքելյաններին ճանաչում են որպես «հրազդանցի զույգեր», դուդուկահար եղբայրներ։ Երկուսն էլ երաժիշտ էին:  «Էնքան լավ էին նվագում։ Մենք էինք խնդրում, որ նվագեն, լսենք»,- ասում է մայրը։

Դեռ փոքրուց ուր գնային, միասին էին, միմյանց շատ կապված էին։ Քայլելուց Էդգարը ձեռքը միշտ դնում էր Վահեի ուսին, անգամ տուն այդպես էին մտնում։ «Ասում էի՝ էդպես չեք կարա անցնեք դուռը, չեք տեղավորվի, գոնե հերթով անցեք»,- նկատում է մայրը։

Երեւի Աստված տեսավ, որ առանց իրար չեն կարողանում․․․ Մտածում ենք, ասում ենք՝ գոնե մեկը մնար, հետո ոնց մտածում ենք, ասում ենք՝ էնքան կապված էին, չէր մնա, չէր դիմանա ցավին,- ասում է մայրը

2019 թ․ հունվարի 10-ին Վահեն ու Էդգարը զորակոչվել էին բանակ։ Սկզբից Ղուբաթլուի, ապա Կապանի զորամասում էին ծառայում։ Ծառայությունից միշտ գոհ են եղել։  Դեռ մեկ ամսվա ծառայող էին, երբ պատվոգիր էին տվել լավ ծառայության համար։ 

2020-ի սեպտեմբերի 4-ին տղաներին տարել էին Ջրական զորավարժությունների։ Այդտեղ պետք է մնային մինչեւ հոկտեմբերի 7-ը, սակայն պատերազմն ամեն ինչ փոխեց։ 

Սեպտեմբերի 30-ի օրվա երկրորդ կեսին՝ ժամը 3-ին, վերջին անգամ են խոսել տղաների հետ։ Նույն օրը գիշերը Վահեն եւ Էդգարը զոհվել են։ Նրանք «Գրադ» համակարգի վարորդներ էին: Երբ Վահեի մեքենան խփել էին, անձնակազմը մեջը չէր, Էդգարին ասել էին, որ Վահեենց անձնակազմը վերցնի, որպեսզի դիրքը փոխեն։ Մեքենայում 9 հոգի էին, նրանց հետ էր նաեւ Վահեենց հրամանատարը։ Մեքենան խոցվել էր ԱԹՍ-ից։

«Թեժ մարտերից մեկի ժամանակ տղաներին կորցնելու վախից հրամանատարն ասել է, որ ուզում է բաժանել զույգերին։

-Բա եղա՞վ, հրամանատար։ Աստված չի կարողացել մեզ բաժանել, Դուք ո՞նց եք բաժանելու,- եղել է պատասխանը։

Միասին ծնվեցին, միասին էլ անմահացան: Փա՛ռք Ձեզ, Տղերք, շնորհակալ ենք: