Մեծ հեղինակություն վայելող խիզախ հրամանատարը զոհվեց զինվորների կողքին արիաբար մարտնչելով․ հերոս Կարեն Հայրապետյան

Պատերազմում իր հերոսական ուղին կերտեց նաև Կարեն Հայրապետյանը, ով չխնայելով սեփական կյանքը՝ պահեց դիրքերն ու հոգին տվեց հայրենիքին, ինչպես վայել է իրական հային։ Նա ծնվել է 1979 թ. Գորիս քաղաքում:

Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, ավելի ուշ՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Մասնակցել է նաև հրամանատարական դասընթացների:

Կարենը մեծ հեղինակություն էր վայելում ծառայակիցների շրջանում: Աչքի էր ընկնում մարտական բարձր պատրաստվածությամբ, կազմակերպչական ունակություններով, կարողանում էր հեշտությամբ կողմնորոշվել բարդ իրավիճակներում։

ՀՀ զինված ուժերում և բանակում հրամանատարական տարբեր պաշտոններ է վարել: 2020 թ-ին նշանակվել է Սիսիանի N զորամասի հրամանատարի՝ մարտական գծով տեղակալ: Պատերազմի հենց առաջին օրը մեկնել է ռազմաճակատ։

Կարենը հայրենիքին մատուցած բարեխիղճ ծառայության համար արժանացել է պետական և գերատեսչական տարբեր պարգևների ու շնորհակալագրերի: Մասնավորապես՝ «Մարտական ծառայության մեդալ»-ի, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», «Վազգեն Սարգսյան», «Դրաստամատ Կանայան», «Գարեգին Նժդեհ» մեդալների: Ամուսնացած էր, երեք զավակի հայր: