«Շատ չէր սիրում կիսվել, բայց գիտեինք, որ բոլոր նպատակները ծառայության հետ են կապված»․ հերոս Կարեն Դավթյանի պատմությունը

Ապրիլյան պատերազմի հերոսներից է Կարեն Դավթյանը, ով Լոռու մարզի Վանաձոր քաղաքից էր: 35-ամյա պայմանագրային զինծառայողը երկու անչափահաս երեխաների հայր էր: Հայրենասեր էր, սիրում էր իր երկիրն ամբողջ հոգով ու միշտ հպարտությամբ էր խոսում հայրենիքի, բանակի ու իր զինվորների մասին։

Կարենը ծառայում էր Քարվաճառում: Նա դժբախտ պատահարի զոհ է դարձել: Ծառայությունն ավարտած պայմանագրայինները դիրքերը հանձնել են հաջորդ հերթափոխին, սակայն հետդարձի ճանապարհին կուտակված ձնահոսքը սարերի գագաթից գահավիժել է ցած, ինչի հետևանքով երիտասարդը հայտնվել է ձնակույտի մեջ ու, շուրջ 100 մետր գլորվելով ցած, մահացել:

Եղբայրը պատմում է, որ Կարենը շատ չէր սիրում խոսել․«Շատ չէր սիրում կիսվել, բայց գիտեինք, որ բոլոր նպատակները ծառայության հետ են կապված»,- ասում է Սամվելը: Բայց ցավոք երազանքները մնացին կիսատ ու անկատար։ Փառք ու պատիվ մեր բոլոր հերոսներին ու հայրենիքի պաշտպաններին։