«Միշտ ձեռք էր մեկնում ընկածին, թույլին»․ հերոս Տիգրան Վարդանյանի մասին պատմում է քույրը

Պատերազմի անմահ հերոսներից էր Տիգրան Անդրանիկի Վարդանյանը։ Կռվի հենց առաջին օրը նրան Արցախ էին տարել։ «Աչքի էր ընկնում իր անսահման բարությամբ։ Միշտ ձեռք էր մեկնում ընկածին, թույլին»,-պատմում է քույրը։ Նա մեկն էր մեր հերոսներից, որ գնաց անվերադարձ, գնաց ու կյանքը տվեց հանուն իր հողի ու երկրի։

Քույրը ասում է, որ իրեն բնորոշ կոկիկությամբ ու պարտաճանաչությամբ գեղեցիկ հագել-կապել, կազմ -պատրաստ սպասում էր մեկնելուն, կարծես ժամադրության էր գնում։ Անսահման հայրենասեր էր։ Շատ էր հայրենասիրական երգեր լսում ու բարձրաձայն, որ բոլորը զգան հայրենիքի քաղցրության շունչը։  

Քույրը պատմում է, որ շատ նրբանկատ ու ուշադիր էր, անակնկալներ շատ էր անում, հումորով էր։ Տիգրանը հերոսաբար զոհվել է հոկտեմբերի 21-ին Հադրութում՝ փրկելով զինակից ընկերների կյանքը։ Հավերժ փառք ու խոնարհում մեր բոլոր նահատակներին։