Այս ՀԱՅԸ մինչ մահը համարվում էր ԱՇԽԱՐՀԻ ամենատարեց կինոռեժիսորը. նրա ֆիլմերից որո՞նք եք դիտել

Լևոն Գևորգի Իսահակյանը եղել է խորհրդային հայ անվանի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։ Մինչ մահը համարվում էր աշխարհի ամենատարեց կինոռեժիսորը։

Լևոն Իսահակյանը ծնվել է 1908 թվականին Ալեքսանդրոպոլ քաղաքում։ Ընդունվում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը և էքստերն կարգով ավարտում թատերագիտական ֆակուլտետը։ 1930 թ. հանդիպում է ռեժիսոր Իվան Պերեստիանիի հետ, ով այդ ժամանակ աշխատում էր Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի էկրանավորման վրա։ Փորձնական նկարահանումներից հետո Իսահակյանին հաստատեցին գլխավոր հերոսի՝ Մոսիի դերում։ Այնուհետև նկարահանվեց նաև «Վոստոկկինոյի» «Թունել», ապա՝ Լ. Քալանթարի «Խորտակված վիշապներ», Ա. Մարտիրոսյանի «Մեքսիկական դիպլոմատներ» ֆիլմերում։ Այսքանով էլ ավարտվեց Լևոն Իսահակյանի դերասանական կարիերան, բայց սկսվեց ռեժիսորականը։

Սկզբում աշխատեց որպես ռեժիսորի օգնական` Հ. Բեկնազարյանի, Ա. Մարտիրոսյանի և Ստ. Կևորկովի ֆիլմերում։ 1937 թվականին եղել է ռեժիսոր Ամասի Մարտիրոսյանի օգնականը «Սևանի ձկնորսները» ֆիլմում։ Նկարահանումների ժամանակ Լևոնին ձերբակալեցին, որից հետո նա սկսեց զբաղվել փաստագրական ֆիլմերով՝ նկարահանելով «Պուշկինյան օրերը Հայաստանում» և «Հայկական պղինձ» ֆիլմերը։ 1939 — 1940 թվականներին Երևանում հիմնեց կրկնօրինակման ստուդիա։ 

Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ Իսահակյանը կազմում էր ռազմական գործողությունների ժամանակագրությունը։ Պատերազմից հետո սկսեց աշխատել «Հայրենի երկիր» փաստագրական ֆիլմի վրա, որտեղ օգտագործվեցին Արևմտյան Հայաստանում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի իրականացրած հայերի ցեղասպանությունից կադրեր և բարձրացվեց Հայոց ցեղասպանության հարցը։ Ֆիլմի հաղորդավարական տեքստը գրել է Ալեքսանդր Դովժենկոն, ձայնագրել է Խմարան։ Այս ֆիլմի համար Ա. Սաթյանը գրեց «Մարտիկի երգը», որը մեկընդմիշտ սիրեց ժողովուրդը։

1949-1953 թվականներին Իսահակյանը եղել է ՀԽՍՀ կինեմատոգրաֆի փոխնախարարը։ Ավելի ուշ դարձավ Հայֆիլմի ռեժիսորը։ 1963 թվականին նկարահանեց «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմը` «տխուր ծաղրածու» Լեոնիդ Ենգիբարյանի գլխավոր դերակատարմամբ։ Այդ ֆիլմը հայկական կինեմատոգրաֆում դարձավ առաջին գունավոր գեղարվեստական ֆիլմը և ավելի ուշ մտավ Հայֆիլմի «ոսկե հավաքածու»-ի մեջ։ Լեոնիդ Ենգիբարյանի մասին` նրա կրկեսային համարներով, 1970 թվականին Իսահակյանը նկարահանել է «2-Լեոնիդ -2» ֆիլմը։

2003 թվականին Լևոն Իսահակյանը պարգևատրվեց «Գոլոս Արմենիի» թերթի մեդալով՝ «սոցիալ-հասարակական կյանքում ակտիվ գործունեության և պետականության ամրապնդման համար»։ Ավելի ուշ ստացավ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի դիպլոմ՝ «արգասաբեր գործունեության համար»։

Ստացել է նաև «Հայֆիլմ-80» մեդալ, իսկ ռեժիսորի 100-ամյակի կապակցությամբ Ազգային կինոարխիվի նախաձեռնությամբ լույս տեսավ թվայնացված «Հայրենի երկիր» ֆիլմը։