Մարդ, ում շնորհիվ Երևանը հայտնի դարձավ ողջ Եվրոպայում, սակայն նրան քչերն են հիշում. նա առաջինն է նման գործարան հիմնել Երևանում

20-րդ դարի սկզբին Երևանի աչքի ընկնող ձեռնարկատետերից մեկը Պետրոս Էսապյանն էր, որը Երևանում հիմնադրել էր պահածոների արտադրության առաջին քիչ թե շատ խոշոր ձեռնարկությունը։

Պետրոս Էսապյանը ծնվել է 1871 թվականին։ Նրա գերդաստանը սերում էր Երևանի մերձակա Նորագավիթ գյուղից, որտեղ Պետրոսի հայրն ուներ ծիրանի և դեղձի ընդարձակ այգիներ։ Հենց այդ այգիների բերքից էլ ստացվում էին գործարանի անուշահամ մուրաբաները, ծիրանի ու տոմատի խյուսը։ Աայգիները մեծ եկամուտ էին բերում, սակայն Արարատյան դաշտի բերքի արտահանումը Երևանի սահմաններից դուրս մշտապես խնդիրներ էր առաջացնում։ Ապրանքը՝ թարմ մրգերը, արագ փչանում էին, քանի որ այն ժամանակ դեռ չկային համապատասխան սառնարաններ։

Երբ Պետրոսն ավարտեց Երևանի արական գիմնազիան, հայրը նրան Եվրոպա ուղարկեց, որպեսզի որդին լավ կրթություն ստանա ու մասնագետ դառնա, սակայն նրա առջև մի պայման դրեց, ըստ որի՝ Պետրոսը պետք է անպայման վերադառնար հայրենի քաղաք։ Վերջինս լիովին արդարացրեց հոր հույսերը։

Եվրոպայում նա ուսանեց ու մասնագիտացավ պահածոյացված մրգերի տեխնոլոգիաների ոլորտում։ Վերադառնալով տուն՝ Պետրոս Էսապյանը սկզբում չրերի ու պահածոների արտադրման փոքրիկ ֆաբրիկա բացեց, որը կարճ ժամանակում հաջողություն գրանցեց։

Արդեն 1903 թվականին նա բացում է մրգերի պահածոների ու պյուրեի իր գործարանը, որում գործում էին հատուկ տեխնոլոգիական մեքենաներ՝ բերված Եվրոպայից։ Հենց այս տարին է համարվում Երևանի նահանգում պահածոյի առաջին մասնագիտացված գործարանի հիմնման տարեթիվը։

Քիչ ժամանակ անց Էսապյանի գործարանի արտադրանքը մեծ հեղինակություն ձեռք բերեց նաև Երևանի նահանգի սահմաններից դուրս, ինչին էլ նպաստեց ապրանքների տեղափոխումը երկաթուղով. այն հեշտացնում էր արտահանումը։

Հետաքրքրական է, որ Պետրոս Էսապյանը մեծ ուշադրություն էր դարձնում ապրանքի պատշաճ ներկայացման հարցերին, և դա բերեց նրան, որ գործարանի արտադրանքի նմուշները սկսեցին ցուցադրվել միջազգային տարատեսակ ցուցադրությունների ժամանակ և մրցանակների արժանացան։

Իր առաջին պարգևը՝ ոսկե մեդալն ու պատվո հավաստագիրը, Էսապյանը ստացել է 1905 թ.՝ Բելգիայում գյուղատնտեսական ցուցադրության ժամանակ։ 1907 թ. երևանյան գործարանը ստանում է միանգամից երկու մրցանակ՝ գրան-պրի՝ Լոնդոնի և ոսկե մեդալ՝ Վիեննայի միջազգային ցուցադրության ժամանակ, իսկ 1908-ին առաջին մրցանակն ու հավաստագիրն է ստանում Հռոմում։ Հաջողությունը մեծ էր, իսկ հայկական հողի յուրահատուկ համ ու հոտ ունեցող մրգերն ապշեցնում էին եվրոպացիներին։

Էսապյանը կարծում էր, որ այդ ամենը բավարար չէ։ Նա ցանկանում էր իր դիրքն ավելի ամրապնդել ողջ Հարավային Կովկասում։ 1911 թ. Էսապյանը ներդնում է մեխանիկական սարքավորումների հիման վրա ստեղծված արտադրական գիծ, որն առաջինն էր ողջ Անդրկովկասում։

Գործարանը սկսեց արտադրել նաև պահածոների ապակե և անագե տարաներ ու կափարիչներ։ Դա ևս շատ կարևոր էր, քանի որ մինչ այդ դրանք ներկրվում էին արտասահմանից։

Էսապյանի գործարանի արտադրանքը մեծ ծավալով արտահանվում էր ռուսական մի շարք քաղաքներ և Եվրոպա և մեծ հռչակ էր վայելում։ Բացի տարատեսակ ավանդական մրգային պահածոներից՝ գործարանն արտադրում էր նաև տոմատի մածուկ և թթու վարունգ։

Այն բանից հետո, երբ 1921 թ. Հայաստանը մտավ ԽՍՀՄ կազմի մեջ, գործարանն ազգայնացվեց, սակայն համապատասխան որակավորում ունեցող կադրերի բացակայության արդյունքում որոշ ժամանակ անց իշխանությունները ստիպված եղան Պետրոս Էսապյանին հետ՝ գործարան կանչել։ Սեփական ձեռքերով հիմնած գործարանում Էսապյանը ստիպված էր աշխատել որպես հասարակ մասնագետ-խորհրդատու մինչև 1935 թ.։ 1939 թ. Էսապյանը մահացավ 68 տարեկան հասակում։

Պետրոս Էսապյանը Հայաստանի այն արժանի զավակներից էր, որը, շնորհիվ իր գործունեության, XX դարասկզբին հարազատ քաղաքը հայտնի դարձրեց ողջ Եվրոպայում, սակայն, ցավոք, նրա անունը այսօր քչերին է հայտնի։