Մեծն բանաստեղծը 4 որդի ուներ, 4-ին էլ դժբախտաբար կորցրեց. ահա, թե ինչ ճակատագրեր ունեցան Թումանյանի որդիները

Ամենայն հայոց բանաստեղծ, մեծագույն հայրենասեր և հումանիստ Հովհաննես Թումանյանը տասը զավակների հայր էր, նա ուներ չորս որդի և վեց դուստր: Ցավոք, ճակատագիրը անողոք գտնվեց Թումանյանի որդիների հանդեպ. նրանցից մեկը զոհվեց Վանում, իսկ երեքը՝ ստալինյան բռնաճնշումների զոհ դարձան, և նրանք չորսն էլ անգամ գերեզման չունեցան:

Բանաստեղծի ավագ որդին՝ Մուշեղը, 1-ին աշխարհամարտի ժամանակ՝ 1916 թվականին, հայ կամավորական ջոկատների կազմում մեկնում է սկզբում Իգդիր, հետո Դիադին, որտեղ աջակցում է բազմահազար արևմտահայ որբերին Երևանի նահանգ տեղափոխելուն: Պատերազմի ավարտից հետո հաստատվում է Թիֆլիսում, զբաղվում ուսուցչությամբ և գրում է այգեգործության վերաբերյալ գիտական աշխատանքներ: Լեհուհի Մարիա Սոկալսկայի հետ ամուսնությունից ունենում են երեք զավակ՝ Անահիտ, Նադեժդա և Վիգեն: 1937-ի նոյեմբերին Մուշեղ Թումանյանն անհիմն մեղադրանքով ձերբակալվում և աքսորվում է Սիբիր, որտեղ էլ մեկ տարի անց մահանում է անհայտ հանգամանքներում, իսկ նրա որդին՝ Վիգենը, որը փաստացի հայ մեծ բանաստեղծի տոհմի միակ շարունակողն էր հանդիսանում, զոհվել է խորհրդա-գերմանական ռազմաճակատում՝ 1941 թվականի վերջին:

Թումանյանի երկրորդ որդին՝ Արտավազդը կամ Արտիկը՝ ինչպես հարազատներն էին դիմում նրան, սովորել է Թիֆլիսի Լիսիցյան պանսիոնում, Ներսիսյան դպրոցում, ինչպես նաև Մոսկվայում` Կելինի նկարչական ստուդիայում: Արտավազդը բացառիկ շնորհներով օժտված տաղանդաշատ երիտասարդ էր: Թումանյանը յուրահատուկ վերաբերմունք է ունեցել Արտիկի նկատմամբ՝ տեսնելով նրա մեջ իր գործը շարունակողին: 1918 թվականի սկզբին, Արտավազդը կամավոր մեկնեց Արևմտյան Հայաստան՝ դառնալով Վան քաղաքի պարետը: Այստեղ էլ նույն թվականի մայիսին 24-ամյա երիտասարդը հինգ հոգուց կազմված վերջնապահ խմբի հետ միասին զոհվում է թուրքերի հետ անհավասար մարտում՝ Վանից հայ բնակչության վերջին նահանջի ժամանակ: Արտիկի նահատակությունը, ինչպես բանաստեղծի մտերիմներն են վկայել, մեկընդմիշտ ընկճեց Թումանյանին և մեծապես արագացրեց նրա վախճանը:

Թումանյանի երրորդ որդին ՝ Համլիկը, ավարտելով Ներսիսյան դպրոցը, 1916-ին մեկնում է Կովկասյան ռազմաճակատ, Անդրանիկ Զորավարի հայկական կամավորական գունդ, և մասնակցում ռազմական գործողություններին: 1919-ի ապրիլից աշխատում է Երևանում՝ նորանկախ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում, սկզբում որպես արարողակարգային բաժնի պետ, այնուհետև՝ աշխատակազմի ղեկավար: 1921-ի Փետրվարյան ապստամբության ժամանակ Համլիկը կրկին վերադառնում է իր պարտականությունների կատարմանը, սակայն ապստամբության պարտությունից հետո նա ստիպված է լինում հեռանալ Երևանից՝ Հայաստանի ղեկավարների հետ միասին Սյունիքով անցնելով Պարսկաստան: Այնտեղից տեղափոխվում է Փարիզ, որտեղ ընդունվում է Սորբոնի համալսարանի փիլիսոփայության բաժինը: 1924-ին, օգտվելով հայտարարված համաներումից, Համլիկը վերադառնում է Թիֆլիս և սկսում է աշխատել Անդրկովկասի մամուլի բաժնում, այնուհետև բանվորական ուսումնարանում և Վրաստանի ԳԱ-ում: Նա ունեցել է մեկ դուստր՝ Նեկտարը: ԽՍՀՄ-ում 1917-1991 թթ. բռնաճնշումների զոհերի տվյալների բազայի «Բաց ցուցակից», որը կազմել է «Мемориал» միջազգային կազմակերպությունը, տեղեկանում ենք, որ Համլիկ Թումանյանը 1937-ի սեպտեմբերի 13-ին Թիֆլիսում նիստ գումարած ռազմական կոլեգիայի կողմից անհիմն մեղադրանքով դատապարտվել է գնդակահարման, և հաջորդ իսկ օրը, սեպտեմբերի 14-ին, դատավճիռն ի կատար է ածվել, հուղարկավորման վայրն անհայտ է:

Բանաստեղծի կրտսեր որդին՝ Արեգը, Թիֆլիսի Լիսիցյան գիմնազիան ավարտելուց հետո՝ 1918-ին անցնում է կոմկուսի շարքերը: Հետագայում Արեգը բնակություն է հաստատում Մոսկվայում, սովորում է Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի պատմության ֆակուլտետում: Նա դասավանդել է Արևելքի ժողովուրդների համալսարանում և գրել տնտեսագիտական հոդվածներ: Վերջին պաշտոնը եղել է՝ Կոմկուսի կենտկոմի գյուղատնտեսական բաժնի պետի տեղակալ: Ունեցել է մեկ դուստր` Սուրման: «Мемориал» կազմակերպության տվյալների համաձայն, Արեգ Թումանյանը ձերբակալվել է 1937-ի հուլիսին, իսկ 1938-ի հունիսին դատապարտվել՝ նույն անհիմն մեղադրանքով: Նա գնդակահարվեց և թաղվեց եղբայրական գերեզմանում 1938-ի հունիսի 14-ին՝ Մոսկվայի տակ գտնվող «Коммунарка» հատուկ պահպանման օբյեկտի տարածքում: