«Քչերին է տրված լինել էդքան օժտված ու շնորհաշատ ու դրա հետ միասին՝ էդքան ինքնակազմակերպված էդ տարիքում». գիտե՞ք՝ ում մասին է նման խոսքեր ասել Ս. Սարգսյանը:

Սոս Սարգսյանի այս խոսքերն ուղղված են հայ ռեժիսոր, պրոֆեսոր Կիմ Գուրգենի Արզումանյանին:

Կիմ Արզումանյան

Ամբողջական տարբերակը ձեզ ենք ներկայացնում ստորև.

«Մարդիկ կան, որոնց հետ տասնյակ տարիներ ես ապրել կողք կողքի, աշխատել ես, մինչև անգամ մտերիմ ես եղել ու ընկեր, բայց և էնպես, մի ինչ-որ բան ունեն իրենց մեջ, որից ակամա ակնածում ես ու չես կարողանում նրանց ներկայությամբ հավաք ու ձիգ չլինել, չես կարող քեզ թույլ տալ փնթիանալ։ Էդպիսին էր Կիմ Արզումանյանը, որի պահվածքը կիրթ էր, խոսքը՝ մտածված, ասածը՝ հստակ։ Անցյալ դարի հիսնական թվականների սկզբին թատերական ինստիտուտն ավարտած, թատրոնով արբեցած մի ստվար խումբ երիտասարդներ ընդունվեցինք Սունդուկյանի անվան թատրոն, ընկերացանք, ու մեր ընկերությունը և՛ անկեղծ էր, և՛ անմիջական ու նաև բուռն ու խառնիխուռն։ Կիմը մեր մեջ էր, բայց նաև մեզնից վեր, մի առանձին բարձրության վրա։ Էդպես էլ մնաց իր էդ տեղում մինչև իր կյանքի վերջը։ Մեկ խոսքով՝ մեզ հետ էր, բայց բոլորիցս տարբեր։ Քչերին է տրված լինել էդքան օժտված ու շնորհաշատ ու դրա հետ միասին՝ էդքան ինքնակազմակերպված էդ տարիքում, էդքան կարգապահ ու իր գործի նկատմամբ էդքան պատասխանատու։ 
Կիմը փայլուն բեմադրություններ արեց Սունդուկյանի անվան թատրոնում, հետո ինչ-որ ժամանակ տեղափոխվեց հեռուստատեսություն ու էստեղ էլ գտավ իր տաղանդի դրսևորման լայն ասպարեզ։ Մի անգամ չէ, որ մասնակցել եմ նրա հեռուստատեսային բեմադրություններին. ափսոս, որ էն ժամանակ դրանք չէին տեսագրվում, ու էդպես էլ չմնացին ժապավենի վրա, ափսոս, քանի որ արված էին պատշաճ պրոֆեսիոնալիզմով, գեղարվեստական բարձր մակարդակով»։