Գիտեի՞ք, որ «Ո՞ւր էիր Աստված» երգը Մեսչյանը գրել է դպրոցական տարիներին. ահա, թե որտեղ է առաջին անգամ այն ներկայացվել հանդիսատեսին

Ճարտարապետ, երաժիշտ, կոմպոզիտոր, ռոք երաժիշտ, բանաստեղծ, երգիչ, նկարիչ, ի վերջո, մեծանուն հայ Արթուր Մեսչյանը ծնվել է 1949 թվականի մարտի 3-ին Երևանում։ Երաժշտությամբ զբաղվել է դեռ 7 տարեկանից: Հաճախել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց՝ ջութակի ու դաշնամուրի դասերի, նաև երգել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տղաների երգչախմբում։

Դպրոցական տարիներին սկսում է երաժշտություն գրել։ Հենց այդ տարիներին է գրում շատերի կողմից սիրված «Ո՞ւր էիր Աստված», «Կտակը» և «Ծերունի» երգերը։ Ի դեպ, «Ո՞ւր էիր Աստված» երգը առաջին անգամ հանդիսատեսին ներկայացվեց Երևանի թիվ 122 միջնակարգ դպրոցում, որտեղ և սովորում էր Ա. Մեսչյանը։

1989 թ.՝ դեռևս Խորհրդային իշխանությունների օրոք, Մեսչյանը կնոջ և երկու որդիների հետ տեղափոխվում է Բոստոն (ԱՄՆ), որտեղ նրան վերջապես հաջողվում է ձայնագրել երկու տասնամյակում կուտակած ստեղծագործությունները։ ԱՄՆ-ում գտնվելու առաջին տարիները բավական դժվար էին Մեսչյանի համար՝ հարմարվելու գործընթացը, աշխատանքի որոնումը, ծանր ֆինանսական վիճակը (տեղափոխվելուց անմիջապես հետո նա հրաժարվեց ներգաղթյալների համար նախատեսված պետակական ֆինանսական աջակցությունից՝ գտնելով, որ իրավունք չունի գտնվել պետական հոգածության ներքո նույնիսկ օրինավոր հիմունքներով)։ Չնայած դժվարություններին 1989 թ. երկրպագուների բազմաթիվ խնդրանքներից հետո Մեսչյանն իր առաջին համերգն է տալիս Բոստոնի Հայկական եկեղեցում։

arthur meschyan

17 տարի ԱՄՆ-ում անցկացնելուց հետո՝ 2005 թվականին, կնոջ հետ վերադարձավ հայրենիք։ Վերդարձին հաջորդած համերգաշարը մեծագույն իրադարձություն էր Մեսչյանի արվեստի բազմաթիվ սիրահարների համար, ում բախտ վիճակվեց կրկին տեսնել նախկին առաքյալին բեմում։ 2005-2006 թթ. Մեսչյանը համերգներ է տալիս Երևանում, Գյումրիում, Վանաձորում։ Համերգների տրամաբանական շարունակությունը հանդիսացան երկու համերգային ձայնասկավառակները։

2007 թ. սկսվում է Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարությունը՝ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի գլխավորությամբ։ Շինարարական աշխատանքները հաջողվում է ավարտին հասցնել 2011 թ.: ՀՀ անկախության 20-ամյակի նախօրեին բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների ներկայությամբ տեղի է ունենում մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը։

2011 թ. Արթուր Մեսչյանը պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Արթուր Մեսչյանը 2012 թվականի օգոստոսի 10-ին պարգևատրվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալով՝ բնագավառում նշանակալի ավանդի համար։ 2013 թվականին արժանացել է ՀՀ պետական մրցանակի՝ Մատենադարանի նոր մասնաշենքի համար։