«Արդյոք մի բան հասկանու՞մ եք հայից»․ միայն իսկական հայը կարող էր նման կերպ բնութագրել հային ու Հայաստանը, ինչպես դա արել է Դերենիկ Դեմիրճյանը

Դերենիկ Դեմիրճյանը այնպես է ներկայացրել հային, Հայաստանը, որ կարծես, թե հենց ինքը՝ Հայաստանն է գրել այս խոսքերը։ Նրանք այնքան պարզ, մաքուր ու ճիշտ են, որ արտացոլում են մեզ ու մեր հայրենիքը․

«Արդյոք մի բան հասկանու՞մ եք հայից: Որքան տարօրինակ, հանելուկային արարած, որքան խաբուսիկ: Երևու՜յթը, ո՜չ ինքը: Բայց և ի՞նչ է ինքը, իր նկարագիրը: Զուտ աշխատանք: Որոնում ես իր ինքնությունը, գտնում, բայց և իսկույն տեսնում ես, որ դա էլ նորից երևույթ էր: Անհանգիստ դեմք ունի, չի թողնում նկարես:

Թվով գրեթե ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը: Ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը: Ամենից աննպաստն ի՜ր երկրի դիրքն է, ինքը ամենից համառ կառչեց նրան:

Որքան անհույս է թվում իր ապագան, բայց և որքան հուսացող է նա: Իր կյանքում նա երկու բան չտեսավ. մեկ՝ բախտ, մեկ էլ՝ հուսահատություն: Ինչպե՞ս ճանաչես նրան, ինչպե՞ս չափես: Իր չափը չափազանցն է. զարմանալի հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջ է:

«Ոչինչ չեմ ուզում ձեզանից,-ասում է նա իր նեղիչներին,-ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկությունը, գնացե՜ք, ապրեցեք խաղաղ և երջանիկ: Եթե դուք սիրում եք կյանքը, ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բան՝ Ազատությունը»: