Այսօր ՀԱՅ պատմաբան Բաբկեն Հարությունյանի ծննդյան օրն է. գիտե՞ք, որ հենց նա է ճշտել Տիգրանակերտի տեղադրությունը և ապացուցել, որ «Աշխարհացոյց»-ը թվագրվում է V դարով

Այսօր հայ պատմաբան, պատմաաշխարհագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունի Հարությունյանի ծննդյան օրն է:

Բաբկեն Հարությունյանը ծնվել է 1941 թվականի մարտի 4-ին, Երևանում՝ Մեծ եղեռնի ժամանակ սպանդից հրաշքով մազապուրծ վանեցիների ավանդապահ և ուսումնասեր ընտանիքում։ Սովորել է ԵՊՀ-ում, իսկ արդեն 1968 թվականին պաշտպանել թեկանածուական ատենախոսություն՝ «Վայոց ձորը հնագույն ժամանակներից մինչև 1045 թվականը» խորագրով։

Գիտամանկավարժական գործունեությանը զուգահեռ՝ 1972-1977 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է նաև ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժինը։ Տարիների գիտահետազոտական տքնաջան պրպտումների արգասիք «Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց»-ի (արևմտյան և հարավային աշխարհներ)» դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է 1993 թվականին։ Հենց Բաբկեն Հարությունյանին հաջողվեց ապացուցել, որ «Աշխարհացոյց»-ը թվագրվում է V դարով և որ նրա հեղինակը Մովսես Խորենացին է։

Բացի այդ, Բ. Հարությունյանը ճշտել է Տիգրանակերտի տեղադրությունը, Նփրկերտի հունարեն արձանագրության թվականը, Մեծ Հայքի թագավորության I-IV դդ վարչատարածքային բաժանումներն ու վարչաքաղաքական բաժանման համակարգը և այլն։ Բացահայտվել է Մեծ Հայքի վարչաքաղաքական համակարգի վրա ավատատիրական հարաբերությունների ու քաղաքական գործոնների ազդեցությունը։

Վերջին տարիներին գիտնականը շոշափելի ավանդ է ներդրել հայոց պատմությունը մատաղ սերնդին ճշմարտացի ու մատչելի հասցնելու գործում։ Դա են վկայում նրա խմբագրությամբ ու հեղինակցությամբ լույս տեսած դպրոցական բազում դասագրքեր։

Գիտնականն արժանացել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ու Ֆուլբրայթի հիմնադրամի թոշակներին, ինչպես նաև ընտրվել Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի, Europäische Akademie der Wissenschaften und Künste ակադեմիայի և «Արարատ» միջազգային ակադեմիայի անդամ։