«Եկեք՝ մի պահ վերադառնանք մանկություն». որտեղի՞ց է գալիս «կոխ» ավանդույթի պատմությունը և ինչու՞ էին կոխ բռնողները սկզբում պարում միասին

Եկեք մի պահ վերադառնանք մանկություն ու վերհիշենք՝ ինչ խաղեր էինք սիրում խաղալ: Յոթ քար, կոխ, հոլ, հեծյալ խաղեր, հավալա: Դրանք շատ-շատ են, որովհետև մեծ սերնդի մանկությունն անցնում էր բակում ՝ ընկերների հետ: Իսկ այս հոդվածում ուզում ենք պատմել կոխ խաղի ու դրա պատմության մասին:

Կոխը ժամանակակից ըմբշամարտի նախատիպն է հանդիսանում: Այն տարբեր ծիսակատարությունների, տոների, հավաքույթների և հարսանիքների անբաժան մասն է կազմել: Այն տարբեր անվանումներ է ունեցել՝ գոտեմարտ, գուռաշ, չոքագյուլաշ և այլն: Նախքան գոտեմարտի սկիզբը, ազգային երաժշտության ներքո, մրցակիցները միմյանց հետ պարում են ազգային պարեր, որից հետո միայն սկսում են մրցամարտը, սա հարգանքի ու բարեկամության նշան էր: Հաղթող էր համարվում այն մասնակիցը, ով կարողանում էր իր հակառակորդին գետնին տապալել:

Հնում հարսանիքների ժամանկ, երբ հարսանեկան թափորը հասնում էր փեսայի տուն, աղջկա և տղայի ծնողները բեմադրված կոխ էին բռնում՝ այսպիսով ավելի ամրապնդելով իրենց բարեկամությունը: Փեսայի համար նույնպես հարսանեկան կոխը կարևոր գործողություն էր, որի ընթացքում փեսան ցույց էր տալիս իր պատրաստվածությունն ամուսնական կյանքին:

Կոխ բռնելու ավանդույթի տեսարանի հանդիպում ենք նաև «Անուշ» պոեմի մեջ: Երբ մի անգամ տոնակատարության ժամանակ երկու ընկերներ Սարոն ու Մոսին կոխ են բռնում, և Սարոն, մոռանալով իրենց ընկերական կատակ խաղը, գետնին է տապալում իր ընկերոջը, այդ օրվանց Սարոն ու Մոսին անհաշտ թշնամիներ են դառնում: