«Ես մեծացել եմ Կոմիտասի երգերի տակ ու բոլոր բեմերում անպայման ասում եմ՝ ես ՀԱՅ ԵՄ». ո՞վ է այս ՀԱՅՈՒՀԻՆ, ով իր սերնդի լավագույն ու ամենապահանջված երգչուհին է

Երաժշտական քննադատները նրան անվանում են մեր օրերի լավագույն դրամատիկ սոպրանո: Նա ներկայանում է աշխարհի ամենահեղինակավոր բեմերի լեփ-լեցուն դահլիճներում: Նրան ծափահարել է Վիեննայի եւ Հռոմի, Մյունխենի եւ Ցյուրիխի, Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի, Չիկագոյի եւ Սան Ֆրանցիսկոյի, Տոկիոյի եւ Սիդնեյի՝ բարձրորակ վոկալին սովոր, քմահաճ ու պահանջկոտ հանդիսատեսը: Եվ ամենուր, որտեղ նա ելույթ է ունենում, հարմար առիթի դեպքում նշում է իր հայկական ծագման մասին: Աշխարհահռչակ երգչուհի Մարիա Գուլեգինայի օրիորդական ազգանունը Մեյթարջյան է:

Մարիա Գուլեգինայի նախնիներն Էրզրումից եւ Վանից են: Աշխարհահռչակ Մարիան խոստովանում է, որ սխալվել է՝ փոխելով իր հայկական ազգանունը եւ վերցնելով երկրորդ ամուսնու ազգանունը. «Եթե ավելի խելացի լինեի, նման բան չէի անի։ Բայց միեւնույն է՝ հարցազրույցներում հաճախ նշում եմ, որ իսկական ազգանունս Մեյթարջյան է, որ նախնիներս Էրզրումից ու Վանից են»։

Նա ամեն ինչի հասել է իր աշխատասիրությամբ, բայց նրա ճանապարհը հեշտ չի եղել: Փորձությունները նրան մանկությունից էին հետապնդում. Մարիան ծնվել էր ոտքերի լուրջ խնդրով և սրտի արատով: Բժիշկներն ասել էին, որ նա չի ապրի, և անգամ մորն առաջարկել էին նորածին աղջկան չվերցնել ծննդատնից: Բայց ծնողները հրաժարվել են լքել նրան ու համաձայնել են, որ աղջիկն անցնի մերսման հատուկ կուրսեր: Այդ պրոցեդուրաները սասափելի ցավոտ էին, ու փոքրիկ Մարիան այնպես էր ճչում, որ նրան ամբողջ փողոցն էր հիշում:

Մարիան դաստիարակվում էր մի ընտանիքում, որտեղ հայկական բանահյուսությունը հարգի էր: «Մեծացել եմ Կոմիտասի մեղեդիների եւ Սայաթ Նովայի երգերի հետ: Նեղանում եմ, երբ իմ մեջ չեն նկատում հայուհու»,- ասում է երգչուհին: Այսօր երգչուհին ելույթ է ունենում աշխարհի բոլոր հայտնի բեմերում, բայց իր հայացքը միշտ դեպի իր հայրենիքն է: