Լուսանկարում ՀԱՅ բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանն է. գիտե՞ք՝ որ ԻՏԱԼՈՒՀՈՒ հետ էր նրան համեմատել Ալ. Մյասնիկյանը և ինչու

Հայ բանաստեղծուհի Շուշանիկ Հարությունի Կուրղինյանը (Փոպոլճյան) ծնվել է 1876 թվականի օգոստոսի 18-ին Ալեքսանդրապոլում:

Սովորել է ծննդավայրի Արղության օրիորդաց դպրոցում, ռուսական պրոգիմնազիայում։ 1893 թվականին մտել է հնչակյան կուսակցության շարքերը, մի քանի աղջիկների հետ կազմել առաջին հնչակ օրիորդաց խումբը։

Կուրղինյանը հասարակական ակտիվ աշխատանք է տարել Կովկասի հայության շրջանում. հայտնի է եղել նրա հիմնադրված ակումբը Վլադիկավկազում։ Նրա անունով փողոց, դպրոց և գրադարան կա Գյումրիում։ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում Կուրղինյանի անունով փողոց և նրբանցք կա։

Առաջին բանաստեղծությունը տպագրել է «Տարազ»–ում, 1899 թվականին, առաջին պատմվածքը՝ «Աղբյուր»–ում, 1900 թվականին։ Հ. Հակոբյանի հետ դարձավ հայ պրոլետարական պոեզիայի հիմնադիրը։ Եթե Կուրղինյանի առաջին շրջանի ստեղծագործություններում որոշակիորեն զգացվում է Հ.Հովհաննիսյանի, Հ.Թումանյանի, Ա.Իսահակյանի ազդեցությունը, ապա հետագայում հեղափոխական պայքարը նոր որակ է հաղորդում նրա պոեզիային, նպաստում ստեղծագործական անհատականության ձևավորմանն ու հաստատմանը։

1907 թվականին լույս է տեսել Կուրղինյանի առաջին՝ «Արշալույսի ղողանջներ» ժողովածուն, որի մի շարք բանաստեղծություններ նոր, ինքնատիպ խոսք էին 20-րդ դարի հայ ազգային պոեզիայում՝ բարձր գաղափարայնությամբ, խավարի ու բռնության դեմ ծառացող ոգով։ Նրա պոեզիան բարձր է գնահատել ժամանակի գրական–քննադատական միտքը։ Ալեքսանդր Մյասնիկյանը, Կուրղինյանին համեմատելով իտալուհի Ադա Նեգրիի հետ, ընդգծել է հայ բանաստեղծուհու հետևողական հեղափոխականությունը, անդավաճան նվիրվածությունը բանվոր դասակարգի պայքարին։

Ada Negri 1913.jpg
իտալուհի Ադա Նեգրի


Կուրղինյանի ստեղծագործության էջերից մեկը նվիրված է կանանց իրավունքների պաշտպանությանը հայ իրականության մեջ («Մենք էլ միանանք», «Արծվի սերը», «Ինձ մի սիրիր», «Մի՞թե», «Դերձակուհին», «Գաղթական կինը» և այլն)։ Կուրղինյանը գրել է նաև պիեսներ («Կարմիր խաչը», «Ոսկե ձկնիկը», «Ջրաղացպան», «Այրված սիրտը»), որոնք չեն բեմադրվել։

Ետհոկտեմբերյան շրջանում, 1917–1922 թվականներին, Կուրղինյանը ստեղծել է Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը փառաբանող, նորի զգացողությամբ, աշխատանքային պաթոսով համակված մի շարք երգեր [«Նոր օրեր», «Մաղթանք», «Ողջույն քեզ», «Մահը» (նվիրված Վ. Ի. Լենինին), «Կարմիրներ» և այլն]։ Կուրղինյանը հասարակական ակտիվ աշխատանք է տարել Կովկասի հայության շրջանում, հայտնի է եղել նրա հիմնադրած ակումբը (Ս. Շահումյանի անվան) Վլադիկավկազում։ 1921 թվականին տեղափոխվել է Սովետական Հայաստան։