«Ծնվեց օգոստոսի 28-ին, զոհվեց հուլիսի 28-ին իր դիրքը պաշտպանելիս». ՀԵՐՈՍ Կորյունը 3 ամսվա ծառայող էր, բայց քաջի պես կռվեց թշնամու դեմ

Կորյուն Արայի Հարությունյանը ծնվել է 2002 թվականի օգոստոսի 28-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Չորս տարեկանում Կորյունն արդեն գիտեր աշխարհի քարտեզը, գրել-կարդալ ու հաշվել։ Հետաքրքրված էր սպորտով, արդեն երեք տարեկանից հոր կարատե սպորտաձև էր պարապում։

Սովորել է Խ.Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան, սակայն 2 ամիս անց՝ 2021 թվականի փետրվարի 17-ին, զորակոչվել է Հայոց բանակ, ծառայել է Վարդենիսում։

Երեք քույրերից հետո Կորյունը տան սպասված արու զավակն էր… Երբ 2021 թվականին Կորյունը մեկնեց ծառայության, ընտանիքը համոզված էր, որ Կորյունը կծառայի խաղաղ երկնքի տակ, երկու անգամ մեկ օրով անակնկալ կերպով գնացել էր տուն, հետո հունիսի 10-ին 10 օրով զինվորական արձակուրդ, դրանք  վերջին օրերն էին, երբ Կորյունն անցկացրեց ընտանիքի, հարազատների ու ընկերների հետ…

Կորյունը դեռ 3 ամսվա զինծառայող էր, երբ իրենց դիրքերի վրա հարձակվեցին թվով 28 թուրքեր: Այդ ժամանակ հրամանատարությունը արգելում է զենքով կրակել, և հրաման է լինում ձեռնամարտով քշել նրանց սահմաններից։

Կորյունը, երբ նկատում է, որ թշնամին մոտենում է իրեն, շրջում է ձեռքի զենքը և զենքի հետնամասով թշնամու ջարդը տալիս է։

Այս հարձակման ժամանակ էլ՝ 2021 թվականի հուլիսի 28-ին, Կորյունը զոհվում է Վարդենիս քաղաքին մոտ գտնվող սահմանները պաշտպանելիս։ Կորյունի հետ զոհվել են Ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը և  շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։

Կորյունը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»1-ին աստիճանի մեդալով։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…         
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…