«Ինքը չպիտի գնար, իրան չպետք ա տանեին, ինքը զոռով համոզել ա հրամանատարին, որ ես պիտի գամ». ՀԵՐՈՍ ՆԱԻՐԻԻ ՄԱՅՐԸ պատմում է խիզախ որդու մասին

«Մի վայրկյան անգամ որ մտածեմ՝ ինքը չկա, ես չգիտեմ՝ ինչ կլինի ինձ հետ»,- հուզմունքով ասում է Անահիտ Աբրահամյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է որդուն։

30-ամյա սերժանտ Նաիրի Աբրահամյանը պայմանագրային զինծառայող էր, ծառայել է Մարտունի 3-ում, երբ սկսվում է Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Նաիրին ականանետորդ էր, սակայն երբ հետախուզական խումբը գնացել է հետախուզության, Նաիրին որոշել է միանալ՝ չնայած հրամանատարի դեմ լինելուն։

«Ինքը չպիտի գնար, իրան չպետք ա տանեին, ինքը զոռով համոզել ա հրամանատարին, որ ես պիտի գամ։ Ինքը շատ ուժեղ էր, վախ չուներ, իրա հրամանատարն ասել ա՝ դուրս արի շարքից, դուրս ա եկել, հետո նորից գնացել վերջում կանգնել՝ ես գալիս եմ։ 

Իրա ընկերն ասել ա՝ մի՛ գնա, ես մենակ չեմ կարա կրակեմ, սաղ տվյալները տվել ա ու ասել՝ ոնց պետք ա կրակել։ Էդպես կամավոր գնացել ա»,- մայրը պատմում է որդու զինակից ընկերների հաղորդած տեղեկությունը ու հավելում, որ որդին ինչպես կյանքում, այնպես էլ պատերազմի դաշտում միշտ առջևում էր։

«Ադրբեջանցիների դիրքն են գրավել, արդեն վերջացրած պիտի հետ դառնային, ասել ա՝ մտնեմ խրամատ, նորից նայեմ։ Էնտեղ թաքնվել էր անպետք դիպուկահարը, դիպուկահարի գնդակից Նաիրիս զոհվել ա, սրտին ա խփել, չեն հասցրել հիվանդանոց»,- պատմում է ու արտասվում մայրը։

Ասում է՝ չնայած որդու ընկերներն ասում են, որ իսկույն կրակել են դիպուկահարին, բայց դա չի հանգստացնում որդեկորույս մորը․ «Ես իմ Նաիրիին եմ ուզում»։

Մայրն ասում է՝ դեպքից մեկ օր առաջ է զրուցել որդու հետ։ Հաջորդ օրն առավոտյան զանգել է որդուն, սակայն զանգն անպատասխան է մնացել։ «Հոկտեմբերի 9-ին ասեցին՝ Նաիրին չկա»։

Նաիրի Աբրահամյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալներով: