«Հիմիկվա գրողներդ, Հայաստանը չեք ճանաչում, չգիտեք երկիրը, չեք լինում գյուղերում»․ գիտե՞ք, թե ինչու էր Իսահակյանը նման կերպ արտահայտվել երիտասարդ գրողների մասին
Ավետիք Իսահակյանը եղել է այնպիսի մարդ, ում կարծիքը բարձր են գնահատել ու անպայման հաշվի առել։ Մեծ գրողն ինքն էլ երբեք անտեղի խորհուրդներ չի տվել, նրա յուրաքանչյուր խոսք եղել է լավ մտածված։ ահա թե ինչպիսի դեպքի է ականատես եղել Ռուբեն Զարյանը։
«Մեր գրողներից մեկի հետ, որի ազգանունը հարմար չեմ գտնում տալ, կանգնած զրուցում էինք, երբ փողոցով անցնող Իսահակյանը մոտեցավ մեզ։
-Որտե՞ղ էիր, Վարպետ,- հարցրեց գրողը։
-Թալինում։
-Է՛, լա՞վ էր։
-Շա՛տ։
-Իսկի չգիտեմ էլ, թե Թալինը որտեղ է,- ասաց գրողն ու հարցրեց,- ի՞նչ ճանապարհով, ո՞ր կողմով պետք է գնալ։
—Հիմիկվա գրողներդ,- ասաց Վարպետը,- Հայաստանը չեք ճանաչում, չգիտեք երկիրը, չեք լինում գյուղերում։

-Ես գյուղը չեմ սիրում,- արդարացավ գրողը։
—Մեր ժողովրդի արմատը գյուղացին է. պետք է տեսնել, թե ինչպես է ապրում, կենցաղը, լսել նրա ոճերը, դարձվածքները։
-Չե՛, չեմ սիրում, – վրա էր բերում գրողը նույն կատակ տոնով, չնկատելով Իսահակյանի դեմքի մռայլը։
—Դե՛, դուք ինչ գրողներ եք, գրում եք առանց ժողովրդի մեջ լինելու։ Մի հինգ գիրք կարդում եք և դրանց հիման վրա գրում մի նորը` վեցերորդը։
-Ես գերադասում եմ քաղաքի ժխորը։
Տեսնելով, որ դրությունը լրջանում է, մթնոլորտը մեղմելու նպատակով, ասացի կատակով.
-Ուրբանիստ է։
—Սա ուրբանիստ չէ, այլ թումբանի՛ստ, -վրա բերեց Վարպետը ու շարունակեց ճանապարհը։