Այս ՀԱՅԿԱԿԱՆ վանքը մի քանի անվանումներ ունի. ասում են՝ այստեղ է գտնվում Եղիշա առաքյալի գլուխը

Հոռեկավանքը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանում, Թալիշ գյուղից 3,9 կմ արևմուտք, լեռան հյուսիսային անտառապատ լանջին, ծովի մակերևույթից 1103 մ բարձրության վրա։ Այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից:

Ըստ Մովսես Դասխուրանցու («Պատմություն Աղվանից աշխարհի»)՝ Աղվանից եկեղեցու հիմնադիր Եղիշա առաքյալի նահատակության վայրում տարիներ անց հրաշքով հայտնվում են նրա մասունքները։ Ուռեկան գյուղի Ստեփանոս քահանան փախցնում է սրբի գլուխը, բերում է իր հայրենի գյուղն ու ամփոփում այստեղ։ Հետագայում այստեղ են բերվում սրբի մնացած մասունքերն էլ, որոնք հետո տեղափոխվում և ամփոփվում են Ներսմիհրի միաբանությունում, որն այսօր ավելի հայտնի է «Եղիշա առաքյալի վանք» անունով։

Կարելի է ենթադրել, որ սրբի գլուխն այդպես էլ մնում է Ուռեկան-Հոռեկում կառուցված մասունքարան-եկեղեցում, քանի որ ինչպես այս, այնպես էլ հետագայում այլ մասունքների ձեռքբերման և այստեղ ամփոփելու պատմություններում էլ այն կոչվում է Գլխո վանք։

Վանքի շուրջն են գտնվում պատմական Ուռեկան գյուղի ավերակները, որից էլ վանքը ստացել է իր երկրորդ անվանումը՝ Հոռեկավանք։

Վանքը բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից, արևմտյան կողմում գտնվող միաբանների սենյակներից և գերեզմանոցից։ Այն պարսպապատ չի ունեցել։ Վանքից 20 մետր արևմուտք, կիսավեր վիճակում պահպանվել է 19-րդ դարասկզբի քառասենյակ թաղակապ հյուրատունը։