«Հայրն էլ չդիմացավ էս սարսափելի կորստին ու գնաց որդու հետևից». ճանաչի՛ր ՀԵՐՈՍ Վահեին, ում բանակում մեծից փոքր հարգում էին բոլոր զինակիցները

Մեր լույս հերոսներից մեկն է, ում բոլորս կյանք ենք պարտք. Վահե Հայկազի Միրզոյան: Հերոսը ծնվել է 2000 թվականին: Նա լույս էր թե՛ ընտանիքում,թե՛ դրսում: Պարզ, լուսավոր ու բարի: Վահեն հայրենասիրություն էր ժառանգել իր հորից, Արցախյան առաջին պատերազմի մասնակից՝ Հայկազ Միրզոյանից, ով չդիմանալով որդու կորստին, որոշ ժամանակ անց միացավ նրան:

Դպրոցն ավարտելուց հետո Վահեն զորակոչվել է ՀՀ զինված ուժեր,ծառայել Ջրականի զորամասում։ Կարգապահ, ընկերասեր և ուշիմ զինվորը հարգանք է վայելել զինակից ընկերների շրջանում, արժանացել հրամանատարության խրախուսանքներին։

Ցավոք սեպտեմբերի 27-ին Վահեն զոհվեց հանուն հայի և հայրենիքի: Վահեի մասին մայրը՝ տիկին Նունեն պատմում է. «Որդիս անսահման համեստ, խելացի, մարդամոտ, հոգատար ու նվիրված անձնավորություն էր։ Ուշադիր էր ծնողների նկատմամբ, անգամ թույլ չէր տալիս առևտուր անելուց հետո ծանր փաթեթները տուն բերել, միշտ հասնում և օգնում էր…»

«Վերջին զանգը եղավ սեպտեմբերի 26-ին, ասաց, որ դիրքեր են մեկնում, խնդրեցի տեղ հասնելուն պես զանգահարի…»: Ցավոք դա եղավ վերջին խոսակցությունը: Հաջորդ օրը Վահեն անմահացավ՝ կյանքը նվիրելով հայրենիքին:

Հայ ազգի հերոս Վահեն հետմահու պարգևատրվել է <<Մարտական Ծառայություն>> մեդալով:

Փա՛ռք Քեզ, Հերո՛ս, շնորհակալ ենք: