Լեռ Կամսարը ապրելու երկու տարբերակ էր առաջարկում՝ համառոտ և ընդհարձակ․ եկեք իմանանք, թե գրողը ո՞ր տարբերակով է ապրել

Լեռ Կամսարը այստեղ խոսում է կյանքի ու այն ապրելու տարբերակների մասին։ Մեծ գրողի խոսքերց կարող ենք հասկանալ, որ միայն մենք ենք ընտրում այն ճանապարհը, որով ցանկանում ենք անցնել։ Այս խոսքերը իրոք մտածելու տեղիք են տալիս․

«Կարելի է ապրել երկու կերպ` համառոտ և ընդարձակ: Ընդարձակ և մանրամասն ապրողը պիտի անի այն բոլորը, ինչ անում են բոլոր մարդիկ կամ մարդ արարածն առհասարակ: Նա պետք է հերթով ծնրադրի բոլոր աստվածներին, դավանի բոլոր կրոնները, պատկանի աշխարհում եղած բոլոր քաղաքական կուսակցություններին, ժխտի այդ բոլորը ու հանդես գա չեզոք, ժխտի աստվածներին և դառնա անաստված, ճաշակի այն բոլոր կերակուրները, ինչ կերել է մարդը երբևիցե, ման գա աշխարհը առանց որևէ ծակ ու ծուկ զանց առնելու, խելագարվի, կոմունիզմին հավատա և այլն:

Նայեք ջրաղացին: Ջրաղաց կացորենը փոշիացնում է, կա որ ձավար է դարձնում, մեջտեղից երկու կես է անում, վերջապես, կոլխոզային ջաղացների նման, երկու ամբողջական ցորենները իրար է կպցնում: Իսկական մարդը մարսված կերակուր, ջաղացի փոշի պիտի լինի: Այս տեսանկյունով եթե նայենք մարդուն, ես մարդ համարվել չեմ կարող:

Այնքան համառոտ եմ ապրել: Անհաղորդկյանքի մանրամասներին: Ես ծնածս օրից գրչամանին եմ նայել և կյանքի բոլոր արժեքները այդ «բանկն» եմ տարել ոչնչով փոխանակելու:

Նրանք, ովքեր ինձ նման ապրում են մեռած, նրանց համար չկան կաշկանդիչ սովորություններ, ծեսեր, նախապաշարմունք, բարոյականություն, ամոթ, պատկառանք և նման բաներ: Որովհետև այդ բոլորը մահվան հետ համեմատած` այնքան աննշան չարիքներ են, որոնց լինելուն էլ, չլինելուն էլ պետք է նայել անտարբեր: Դրանք փոքրիկ ոչնչություններ են, որոնք իրենց ճանապարհին միանում են իրար հետ և գնում թափվում մեծ ոչնչության մեջ:

Ես դեպի մահ եմ գնում օդի միջով, առանց ոտքս գետնին դնելու…»։