«Մենք պիտի պահպանենք այն, ինչ ունենք». ի՞նչ պատմություն ունի ՀԱՅԱՍՏԱՆԻ այս բնական ՀՐԱՇՔԸ ու ի՞նչ վանդալիզմի զոհ է այն այսօր դառնում

Քարերի սիմֆոնիա՝ ամենագեղեցիկ ու տեսարժան վայրերից մեկը Հայաստանում:

Չնայած, որ Արարատը միշտ եղել է Հայաստանի ամենաճանաչված բնական հուշարձանը, բայց կա մեկ այլ բնական հուշարձան, որի մասին նույնպես չպետք է մոռանալ՝ Քարերի սիմֆոնիան: Գառնու տաճարի հարևանությամբ՝ Ազատի կիրճում է գտնվում այս բազալտե հուշարձանը: Այն իրենից ներկայացնում է հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներ, որոնք իրենց սիմետրիկության շնորհիվ ձեռագործ են թվում: Գետի վրա կախված այս սյուների շարքը հիշեցնում է երգեհոն երաժշտական գործիքը, որը միախառնվում է կիրճով հոսող Ազատ գետի ձայնի հետ՝ ստեղծելով յուրահատուկ սիմֆոնիա:

Մեկ այլ նմանատիպ երևույթ, որն ինչ-որ չափով նման է Քարերի սիմֆոնիային, Հյուսիսային Իռլանդիայում գտնվող «Հսկաների ճանապարհն» է: Այն նույնպես բաղկացած է երգեհոն հիշեցնող բազալտե սյուներից: Բայց, ի տարբերություն Քարերի սիմֆոնիայի, նրա բազալտե սյուները կարծես վեր են խոյանում գետնի տակից: Եվ միգուցե հենց դրանում էլ կայանում է Քարերի սիմֆոնիայի յուրահատկությունը. կարծես այն ինչ-որ գերբնական ուժով ստեղծված և երկնքից կախված բնության հրաշք լինի: 

ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (UNWTO) 2013 թվականին «Vettor Giusti» զբոսաշրջային պաստառների մրցույթում՝ Եվրոպա կատեգորիայում, հաղթող ճանաչվեց Հայաստանը` «Քարերի Սիմֆոնիա» պաստառով։

Սակայն բնական հուշարձանը պարբերաբար ենթարկվում է վանդալների հարձակումների։ Մարդիկ իրենց առանձնատներին կամ իրենց պատկանող շինություններին գեղեցիկ տեսք հաղորդելու նպատակով Քարերի սիմֆոնիայից պոկում են բազալտի մեծ հատվածներ՝ աղավաղելով հուշարձանի նախնական տեսքը։ Այժմ հուշարձանի առանձին հատվածներ գրեթե ամբողջությամբ ոչնչացված են։