Լուսանկարում Սուրբ Սոֆիայի տաճարն է. գիտե՞ք՝ ով էր այն ՀԱՅԸ, որը գերազանցապես կատարեց տրված հանձնարարությունը՝ վերակառուցելով Սուրբ Սոֆիայի գմբեթը

Սուրբ Սոֆիայի տաճարը Բյուզանդական կայսրության ճարտարապետության ծաղկման ժամանակաշրջանի երևելի հուշարձան է, որը 532-537 թվականներին վերակառուցել են նշանավոր ճարտարապետներ տրալեսցի Անթիմոսը և միլեթցի Իսիդորը՝ Հուստինիանոս Ա կայսեր օրոք և նրա գործուն մասնակցությամբ։

558 թվականի մայիսի 1-ին տեղի է ունենում ուժեղ երկրաշարժ, որից փլուզվում է տաճարի մոտ 31.5 մետր տրամագծով գմբեթը։ Հուստինիանոսը կարգադրում է նոր գմբեթ կառուցել, և քանի որ արդեն մահացած էին Անթիմոսն ու Իսիդորը, գործը հանձն է առնում վերջինիս եղբայրը՝ Իսիդոր Կրտսերը։ Նրա կառուցած գմբեթը կանգուն մնաց բավականին երկար ժամանակ, անգամ դիմացավ 869 թվականի երկրաշարժին, բայց փլուզվեց 986 թվականի երկրաշարժին։

Ահա, դրանից հետո էր, որ մեր նշանավոր ճարտարապետը հրավիրվեց Կոստանդնուպոլիս՝ դարձյալ վերակառուցելու համար Սուրբ Սոֆիայի գմբեթը։ Այս մասին տեղեկություններ է հաղորդում Ստեփանոս Ասողիկ Տարոնեցի պատմիչը։

Հայտնի է, որ կառուցման աշխատանքները կարգավորելու համար Տրդատը նախապես պատրաստում է եկեղեցու մոդելը, որի վրա նախ նա լուծում է ճարտարապետական խնդիրները։ Այնուհետև Տրդատը բարձր փայտամածներ է կանգնեցրել մինչև գմբեթը՝ այդ լուծումներն արդեն տաճարի վրա կիրառելու համար։

Տեղեկություններ են պահպանվել, որ այդ փայտամածների համար արքունի գանձարանը ծախսել է 1000 ոսկի լիվեր։ Հնարավոր է, որ գմբեթից բացի Տրդատը վերականգնման այլ աշխատանքներ էլ է կատարել, քանի որ, ինչպես հայտնի է, կառույցը վերից վար ճաք էր տվել։

Տրդատը գերազանցապես կատարեց տրված հանձնարարությունը՝ ցուցադրելով իր փայլուն վարպետությունը, որի մասին վկայում են հուշարձանի ոչ միայն ներկա վիճակը, այլև Ասողիկի վկայությունն այն մասին, որ տաճարը վերականգնումից հետո ավելի վայելչագեղ տեսք ստացավ, քան առաջ էր։

Կառուցումից ի վեր իր բազմաթիվ փլուզումներից հետո Տրդատ ճարտարապետի վերակառուցածն այդպես էլ ամուր պահպանվեց մինչև մեր օրերը՝ ավելի քան 1000 տարի։ Սուրբ Սոֆիայի տաճարում Տրդատի կատարած վերականգնումը լիովին արտացոլում է 10-11-րդ դարերի հայոց շինարարական մշակույթի զարգացման աստիճանը։ Թեև հայտնի է, որ այդ ժամանակներում Հայաստանում այդպիսի մեծ գմբեթներ չէին կառուցում, սակայն սա ցույց է տալիս, որ դրանց կառուցման եղանակներն ու ճարտարապետական լուծումները խորթ չէին հայ ճարտարապետներին։

Իսկ որպեսզի Բյուզանդական կայսրության մայրաքաղաքում այդպիսի պատասխանատու պատվեր ստանար, պարզ է, որ Տրդատը պետք է առաջնակարգ ճարտարապետի մեծ համբավ ունենար։ Ստեփանոս Ասողիկը հայտնում է, որ մինչև Տրդատին հրավիրելը, հմուտ հույն ճարտարապետները շատ էին հոգում վերականգնման համար, բայց այդպես էլ հստակ լուծումներ չէին կարողանում առաջարկել։