«Գլխին ատրճանակ պահեին, միևնույն է, ինքն իր ասածն ասելու էր». գիտե՞ք՝ ՀԱՅ գրողներից ում կինն է ամուսնուն այսպես բնութագրել

Այո, Հրանտ Մաթևոսյանի կինը՝ Վերժինե Մովսիսյանը: Հարցազրույցի ժամանակ այն հարցին, թե հիմա, այսքան տարիներ հետո ինչպե՞ս կբնութագրեք ձեր ամուսնուն, նա ասել է.

Հրանտը շատ ազնիվ էր: Համառ էր: Շատ համառ էր: Գլխին ատրճանակ պահեին, միևնույն է, ինքն իր ասածն ասելու էր: Շատ մարդասեր էր: Երբ Գրողների միությունում էր, մարդիկ անընդհատ գնում էին փող խնդրելու: Հենց որ շուտ էր գալիս, ասում էի. «ինչի՞ եկար», ասում էր՝ «փողս պրծավ, եկա»: Շատ մաքրակենցաղ էր: Նույնիսկ տանը, երբ պետք է գնար իր սենյակ աշխատելու, պետք է շորերը փոխեր: Պատուհանագոգերը պետք է թաց շորով երկա՜ր մաքրեր: Հասկանում էի, որ ոչ թե գործ է անում, այլ մտածում է: Ինքը, երբ մտածում էր, իրեն չպետք է խանգարեինք: Շա՜տ ընտանիքի մարդ էր: Այն տարիներին, երբ լույսերն անջատում էին, երեխայի դասերն ու անգիրները տանում, դրսում էր սովորեցնում: Դավիթս, որ ծնվեց, երեք տարի համարյա ոչինչ չգրեց: Ինձ կարող էր խոհանոցից հանել, որ կարագը ճաշի մեջ շատ դնի, ինքը համարում էր, որ դա է լավը:

Էսթետ էր: Նաև՝ հագնվելու մեջ: Շատ հետաքրքիր ճաշակ ուներ: Հագուստները, որոնք ինքը շատ սիրում էր, ես պահել եմ՝ կոստյումները, փողկապները: Մոսկվա գնալուց առաջին կոստյումը Արմեն Հովհաննիսյանի հետ պատվիրեցինք Արմենի դերձակի մոտ: Արմենը լավ էր հագնվում:  Կտորն անգլիական կտոր էր, կոմիսիոն խանութից գնեցինք: Քույրս էլ մետաքսից փողկապներ էր բերել Հրանտի համար Սկանդինավիայից: Շատ էր սիրում հյուրասիրել: Շա՜տ ներող էր: Երեխաներին հիվանդագին էր սիրում: Սիրում էր գյուղ գնալ: Ամիսներով գյուղ էր գնում: Գյուղն ազատություն էր: