Այսօր ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է. ՍՊԱՐԱՊԵՏԸ իր ծննդյան օրը նշել չէր սիրում, գիտե՞ք, թե որտեղ էր անցկացնում այդ օրը

Այսօր Հայաստանի երրորդ հանրապետության ականավոր գործիչներից մեկի՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 63 տարեկան…

Վազգեն Սարգսյանը իր ծնունդը նշել չէր սիրում, այդ օրը կյանքի վերջին տարիներին անց էր կացնում «Եռաբլուրում»։ Նա զգում էր, որ ժամանակը իրեն այդպես էլ չի բավականացնի.
«Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու` այ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար… ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ…»:

Մի փոքրիկ պատմություն սպարապետի կյանքից.

Զորամասերից մեկում Վազգեն Սարգսյանն անկաշկանդ զրույց է սկսում շարահրապարակում հավաքված զինվորների հետ։ Այդ օրերին հայոց բանակի զինվորների գոտու ճարմանդին գրված էր ՀԲ (հայկական բանակ)։ 

Նախարար Վազգեն Սարգսյանը դիմում է մի զինվորի.
- Գիտե՞ս, թե ի՞նչ են նշանակում այդ տառերը։

Զինվորը խրոխտ առաջ է գալիս ու բացում հապավումը.
- Պարոն նախարար, ՀԲ-ն նշանակում է՝ Հասնենք Բաքու։

Վազգեն Սարգսյանը գրկում է զինվորին, և շրջապատով մեկ լսվում է նրա բարձր ծիծաղը:

Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանը սպանվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ: