«Բեկորը ծակել է զինվորի բանկային քարտը, հասել Աղոթագրքին ու կանգ առել». ՀՐԱՇՔՈՎ փրկված զինվորների պատմությունները

Տիրոջ Աջը միշտ հովանի է նրանց, ովքեր հավատում են Իր զորությանն ու ողորմածությանը։

Զորամասի գնդերեց Արթուր սարկավագ Օհանյանը պատմում է.

-Սեպտեմբերին, երբ Ջրականում զորավարժությունների էինք, զորամասի հրամանատար, Հայաստանի Ազգային հերոս Գարեգին Պողոսյանը մարտական հենակետերը զբաղեցնելու հրաման ստանալով՝ սպայական ժողով հրավիրեց և սպայակազմին հայտնեց հնարավոր պատերազմի մասին։ Տեղակայվելու մասին լուրը ստանալով՝ որոշեցի զորքի հետ լինել… Սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը «Սմերչ» կայանքով հրետակոծեց մեր նախկին տեղակայման վայրը և, ցավոք սրտի, մի պայմանագրային զինծառայող զոհվեց։

Օրեր անց հրետակոծման վայրից դուրս էին բերում պահպանված իրերը․ դրանց մեջ էր նաև իմ Աստվածաշունչը։ Սուրբ Գիրքն ինձ փոխանցելիս մայոր Հովհաննես Այվազյանն ասաց. «Սարկավա´գ, պահարանդ ամբողջությամբ ծակծկվել էր, բայց Աստվածաշնչիդ վրա որևէ խազ չի եղել…»։

Բազում հրաշքներ են պատահել նաև զինվորներիս հետ. շարքային Արման Արսենյանը պատմում է, որ հակառակորդի անօդաչուն հարվածել է իր «Գրադ» կայանքին: Կայանքը պայթել է, իսկ զինվորը, լինելով ռեակտիվ կայանքի մեջ, հրաշքով փրկվել է։ Նմանատիպ դեպք է պատահել նաև շարքային Տոնոյան Գոռի հետ։ Միայն Աստծո ողորմածության շնորհիվ է նա փրկվել գրադի պայթյունից:

heros

Հրետակոծության ընթացքում դիրքի վրա արձակված արկն ընկել է Արման Բեգլարյանին շատ մոտ, կտրել է նրա մեջքից կախված ավտոմատի փողը, բայց զինվորը չի վնասվել։

Արկի բեկորը ծակել է շարքային Սերոժ Աթոյանի բանկային քարտը, հասել Աղոթագրքին ու կանգ առել… Աթոյանը այդ Աղոթագիրքը մշտապես պահում է ծոցագրպանում՝ սրտի մոտ…

Նյութը Ալիս Ալավերդյանի հոդվածից