«Աչքերիս չէի հավատում, որ վերջապես ես էլ մարդու հաշիվ եմ դառնում, հարմարություն ունիմ աշխատելու, աշխատելու, էլի աշխատելու». գիտե՞ք՝ ում ուղղված նամակում է անկեղծացել ԿՈՄԻՏԱՍԸ

Այո, Մարգարիտ Բաբայանին գրված նամակներից մեկում: Ստորև Ձեզ ենք ներկայացնում նամակի ամբողջական տարբերակը:

«Վեհափառի անակնկալ մահն ինձ այնպիսի աշխատության մեջ ձգեց, որ դեռ նոր է խելքս գլխիս գալիս: Երևակայիր՝ մի բանակ կոտրած ձայներ, ապականված մտքեր, փչացած անհատներ, որոնք այս կամ այն կերպ ճեմարանի աշակերտության են արժանացել, մյուս կողմից, հազար ու մի կողմից կրթված պատգամավորներ, պատվավոր ներկայացուցիչներ պետության, ընտիր հասարակություն՝ ազգային և մանավանդ օտար , ահա քեզ երկու հակադրություն, հաշտեցու՛ր իրար հետ. այսպիսի հանգամանքների մեջ ես էլ նոր եկած այստեղ, ո՛չ խումբ կա, ո՛չ ժամանակ: Փառք Աստուծո, մեր հասարակությունն էլ խիստ պահանջկոտ. դե՛հ, արի խումբ պատրաստիր ու երգել տուր, որ քո և Ս. Էջմիածնի պատիվը բարձր մնա օտարների առաջ: Այս խոսքերը ընդգծում եմ, հատկապես նորա համար, որ մեր ժողովրդի համար գին չունի այն, ինչ որ ունի. այլ այն՝ ինչ որ չունի կամ չի կարող ունենալ այսուամենայնիվ ձգտում է ունենալ:
Սկսկեցի պատրաստություն տեսնել. ահա թե ինչպես: Թեպետ Պատարագն ունիմ ամբողջապես գրված, բայց խառն խմբի համար է. այժմ ճեմարանում փոքր աշակերտներ չկան…ձայն չկա, եղածները խռպոտ, ագռավաձայն խարդախ հնչյունով ձայներ… ահա՛ քեզ խումբ: Ուզած-չուզած պետք է պատրաստես: Ժամանակը շատ կարճ, միայն մեկ շաբաթ… Ամբողջ մեկ շաբաթ՝ օրական 14 ժամ զբաղվելով (6 ժամ տանը պատրաստում էի, 8 ժամ ճեմարանում ձայն-ձայն պարապում և սովորցենում): Գլուխ հանեցի գործը. այո՛, գլուխ հանեցի, պարզ երես ելա, բայց ինձ վրա էժան չնստեց 14 ժամ զբաղմունքը: Թաղումից հետո ամբողջ 3 շաբաթ խելքս գլուխս չեկավ: Այսօր՝ թեև ձեռքերս դողում են, բայց և այնպես ծանր գրելով, ուզում եմ քեզ տեղեկություն ու հաշիվ տալ իմ արածների և անելիքների մասին: Գիտեմ, որ սպասում ես ու քեզ համար հետաքրքիր է լսել իմ մասին: Ահա գրեմ. նախ՝ որ այժմ տանս Schreder ֆիրմայի մեծ դաշնամուր ունիմ: Դու կզգաս իմ ուրախության չափը, երբ առաջին անգամ դաշնակը հարայ-հրոցով սենյակ բերելուց, սարքելուց, մարդոց ճանապարհ դնելուց հետո մինակ մնացի: Աչքերիս չէի հավատում, որ վերջապես ես էլ մարդու հաշիվ եմ դառնում, հարմարություն ունիմ աշխատելու, աշխատելու, էլի աշխատելու: Ուրախությունիցս քարացել էի մեկ վայրկյան, ապա արտասուքի հեղեղ սկսավ գլորվիլ աչքերիցս. ես էլ, սիրտս էլ, միտս էլ, կյանքս էլ հանգստացան. հաշտվեցա, որ այժմ աշխատելու միջոց ունիմ և այս անհրաժեշտ միջոցը: Այսպես, թե ի՞նչ եմ արել, այն էլ կարդա սիրելի Շուշիկի նամակում…»:

Զմյուռնիա, 1910թ.

Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:

(Նկարում՝ Ալեքսանդր Մանթաշյանի նվիրաբերած դաշնամուրը Կոմիտաս վարդապետին)