ԱՂՋԿԱ ԲԵՐԴԻ լեգենդը. Ինչը ստիպեց ՍՈՒԼԹԱՆԻՆ հրաժարվել Հայ իշխանի ԱՂՋԿԱՆԻՑ. Ինչու «աղջիկը» ինչքնասպանության փորձ արեց.

Կապանի տարածքում գոյություն ունի երկու Աղջկա բերդ: Մեկը Ծավ գյուղի դիմաց՝ գետի աջ ափին, մյուսը Առաջաձորի եւ Շղարշիկի միջեւ է: Երկու լեգենդներն էլ խոսում են կնոջ անձնազոհության մասին: Լեգենդը պատմում է, որ մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ առաջաձորցիները եւ Աճանանի բնակիչները պաշտպանվում էին Աղջկա բերդում: Նրանց գլխավորում էր Սյունյաց Սահակ իշխանը: Ասում են, որ Սահակն ունեցել է Անուշ անունով մի գեղեցկուհի աղջիկ: Անուշի գեղեցկության համբավը հասել էր մոնղոլ խանին: Խանը ցանկանում էր տիրանալ Անուշին, բայց Անուշը պաշտպանվում է բերդի անառիկ պարիսպների ներսում:

Պաշտպանները քարկոծում ու նետահարում էին մոնղոլներին: Այդ ժամանակ խանը դիմում է խորամանկության. նա պատգամավոր է ուղարկում Սահակ իշխանի մոտ ու խնդրում Անուշի ձեռքը՝ դրա դիմաց խոստանալով ոչ միայն հեռանալ ամրոցից, այլեւ ընդհանրապես չանհանգստացնել հայերին: Հակառակ դեպքում խանը սպառնում էր գրավել բերդը եւ սրի քաշել բոլորին: Սահակ իշխանը հայտնվում է անելանելի դրության մեջ: Հացի պաշարը սպառվում էր, մարդիկ մեռնում էին սովից: Այնուամենայնիվ նա մերժում է առաջարկը՝ հույսը դնելով Աստծո հրաշքի վրա՝ նախընտրելով կռիվն ու պայքարը: Ինքը՝ Անուշն էլ կռվում էր բերդի պաշտպանների շարքում: Բայց սովն ամենազոր էր. մարդիկ ավելի շատ մեռնում էին ոչ թե կռվի մեջ, այլ սովից:

«Եվ այս բոլորի մահվան պատճառը ես եմ»,- մտածում է աղջիկը: Ու մի օր՝ լուսաբացին, նա բարձրանում է ժայռի գագաթը ու բոլորի աչքի առջեւ իրեն ցած նետում: Դա տեսնում է նաեւ թշնամին, լուրը հասնում է խանին, եւ նա հրամայում է գտնել աղջկա մարմինը: Մոնղոլ զինվորները փնտրում, սակայն չեն գտնում Անուշի մարմինը: Հիասթափված երկարատեւ պաշարումից եւ Անուշին կորցնելուց՝ խանը թողնում է պաշարումն ու հեռանում Աճանանից: Բայց մայր երկրի սաղարթախիտ անտառը, որ տարածված է ժայռից ներքեւ, իր սաղարթներում աղջկան պահել էր անվնաս: Լեգենդն ասում է, որ հենց այդ օրվանից բերդը կոչվեց Աղջկա բերդ: Այդ ժամանակից շրջակայքում նոր ծնված բազմաթիվ աղջիկների կնքեցին Անուշ անունով: