ԲԱՂԱԲԵՐԴԻ ԱՆԱՌԻԿ ԱՄՐՈՑԸ. Այստեղ թաքնված է ՏԱԹԵՎԻ թագավորական ԳԱՆՁԵՐՆ ու ՁԵՌԱԳԻՐ մատյանները. Իսկ գիտե՞ք թե ինչու.

Բաղաբերդ ամրոցը Մեծ Հայքի Սյունիք նահանգի անառիկ ամրոցներից էր, որը 4-րդ դարից սկսած եղել է ռազմական կարեւոր հենակետ: Այն գտնվում է Կապան-Քաջարան մայրուղուն հաղորդակից Անդոկավան, Դավիթ Բեկ և Ներքին Գիրաթաղ բնակավայրերի հարևանությամբ: Բաղաբերդի հյուսիսով անցնում է երկու ճանապարհ. դրանցից մեկը գալիս է Բարկուշատի ու Աճենի կողմից ու ձգվում դեպի Արեւիք ու Գողթն, մյուսը սկիզբ է առնում հենց Բաղաբերդից ու ձգվում է դեպի Տաթեւ:

Եթե մինչեւ Սյունիքի թագավորությունը բերդը եղել է որպես անառիկ ապաստան, ապա թագավորության շրջանում բերդը դառնում է գահանիստ կենտրոն: Պատմական Կապան մայրաքաղաքի կործանումից հետո այստեղ են կենտրոնացվել եւ պահպանվել Տաթեւի վանքի եւ թագավորության գանձերն ու մեծաթիվ ձեռագիր մատյաններ: Կապան մայրաքաղաքի գրավումից 67 տարի հետո միայն թշնամուն հաջողվում է խաբեությամբ գրավել Բաղաբերդը: Բերդին կարելի էր մոտենալ միայն հարավ-արեւմուտքից, որտեղ էլ տեղադրված էր միակ մուտքը: Մուտքի հյուսիսային հատվածում տեղադրված էր ամենամեծ բուրգը եւ օգտագործվել է որպես մուտքը պաշտպանող հսկիչ աշտարակ: Մուտքը կառուցելիս օգտագործվել են հայկական ամրոցաշինության մեջ լայն տարածում գտած մուտքային փակուղիները:

Ամրոցի մուտքային մասի պարսպապատը կառուցված է այնպես, որ թշնամին մուտք գործելիս հայտնվում է դիմացի ուղղաձիգ ժայռազանգվածի առջեւ, որն էլ նեղացնում է դեպի միջնաբերդ տանող անցուղին եւ որտեղով կարելի է անցնել մեկ-երկու շարքով: Այս նեղ միջանցքը ևս պաշտպանված էր աշտարակով: Տեղանքի առանձնահատկությունները հմտորեն օգտագործելու շնորհիվ՝ Բաղաբերդը մնացել է անառիկ: Որպես պաշտպանական կառույց՝ իր դերով եւ նշանակությամբ ամրոցն ունեցել է երկու կարեւոր շրջան. առաջին` մինչթագավորական (4-րդ դարի կեսից մինչեւ 12-րդ դարի սկիզբ): Առաջին շրջանում այն օգտագործվել է որպես հուսալի ապաստան եւ թաքստավայր: Երկրորդ` Սյունիքի թագավորության շրջանում (970-1170թթ.) ամրոցը ստանում է համապետական, ռազմավարական նշանակություն: Երկրորդ շրջանում կարելի է առանձնացնել նաեւ 1103-1170թթ., երբ Բաղաբերդը եղել է Սյունիքի թագավորության գահանիստ: Ճարտարապետական տեսակետից Բաղաբերդը հայկական ռազմաշինարվեստի եզակի կառույց է: