«Գրելիս երբևէ ինքնամոռացման պահեր ունեցե՞լ եք». միայն իմանաք՝ ինչ պատասխան է տվել Արամ Խաչատրյանն այս հարցին

Երկու զրույց Արամ Խաչատրյանի հետ
(Ռ. Զարյանի հուշերից)

Մեկը հարցրեց, թե գրելիս երբևէ ինքնամոռացման պահեր ունեցե՞լ է:
_ Ոգևորություն, ներշնչանք, այո՛, բայց ինքնամոռացություն` երբե՛ք: Լավ չեմ հասկանում. այդ, մեկ է, թե Փափազյանին հարցնեք, թե եղե՞լ է դեպք, որ նա մոռանա, որ բեմումն է և կարծի, թե ինքը իսկապես Օթելլոն է և ուզենա իսկապես խեղդել Դեզդեմանային: Ես հասկանում եմ, որ ձեր ասածը բառացի չպետք է հասկանալ: Ձեզ գոհացում տալու համար ասեմ, որ ջութակի կոնցերտը գրելիս հնչյունները ձևավորվում էին աներևակայելի արագությամբ, ես պարզապես չէի հասցնում թղթին հանձնել: Գուցե սա է ձեր ասած ինքնամոռացումը:

***

Մի օր ինստիտուտում:
_ Մեծ նշանակություն եմ տալիս արվեստում աշխատասիրությանը: Տաղանդավոր մարդը միշտ աշխատասեր է լինում: Ի՞նչ է տաղանդը. երևի շնորհք և վարպետություն միաժամանակ: Առաջինը բնությունից է, երկրորդը` աշխատանքից: Տաղանդն այս երկուսի գումարն է:
Լսում էինք իրեն և չէինք միջամտում, որ խանգարած չլինենք մտքերի ընթացքը:
_ Մեկն ասել է, հիմա չէմ հիշում, թե ով, թե տաղանդի բաղկացուցիչ մասերը եթե տոկոսների վերածվի, ապա աշխատանքը կկազմի ութսուն տոկոս:
Ես ասացի, թե դա Մաքսիմ Գորկու միտքն է:
_ Գորկու մտքի ապացույցը ինքը Գորկին է:
Եվ հետևեց ամփոփումը.
_ Անհնար է աշխատանքի և շնորհքի սահմանները որոշել: Դրանք ներթափանցված միասնություն են: Աշխատանքը երևի բեղմնավոր ուժ ունի և ի վիճակի է երևան բերել շնորհքի այնպիսի կողմեր, որ, առանց աշխատանքի, կմնային անհայտ:

(Ռ. Զարյանի «Հուշապատում» գրքից)