Եղեգիս գետի ափին գտնվող հայկական վանքը․ տեսեք, թե ինչ պատմություն ունի այն

Հայաստանի Վայոց ձորի մարզում, Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին է գտնվում Արատեսի հայկական վանք։ 13-րդ դարի վերջին Ստեփանոս արք. Օրբելյանը Արատեսի վանքը իր կալվածքներով հանձնել է Նորավանքին՝ որպես ամառանոց, իսկ 1301 թվականին վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ։

Վանքում 1303 թվականին գրիչ Խաչատուր Երզնկացին Ստեփանոս արք. Օրբելյանի պատվերով ընդօրինակել է Գրիգոր Նյուսացու «Մեկնութիւն ժողովողին» աշխատությունը։ Վանքի տարածքում կան 10–17-րդ դարի խաչքարեր և տապանաքարեր։

Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից 1270 թվականին Հայրապետ աբեղան գավիթ է կառուցել, որի կենտրոնում երդիկով գմբեթն է (քանդվել է 1970-ական թվականներին)։ Վանքին 1073 թվականին ոմն Արտավազդ նվիրել է Եղեգիսի այգին և կալվածքներ։