Քյուրքճյան մեծ հուզումով, աչքերուն արցունք, սկսավ ջնջել իր ոգևորությամբ երկնած ստեղծագործությունը. գիտե՞ք՝ ինչը դուր չէր եկել Կոմիտասին իր դիմանկարում

Մեծ եղավ Կոմիտասի ազդեցությունը հայ նկարիչներեն առանձնապես Փանոս Թերլեմեզյանի, Սերովբե-Լևոն Քյուրքճյանի, Արամ Պագքալյանի վրա, որոնց վրձինը, թեև շնորհալի էր, բայց և օտար…
Նկարիչ Քյուրքճյան Կոմիտասի հետ ծանոթացել էր դեռևս Բեռլինի անոր ուսանողական տարիներեն: Երաժշտասեր այդ հայ նկարիչը բացառիկ սիրով ու հարգանքով մը փարած էր Կոմիտասին այն օրվընե, երբ Բեռլինի մեջ, 1899 թվին լսել էր անոր դասախոսությունները հայ ժողովրդական և եկեղեցական երգի մասին: Այդ օրվընե Քյուրքճյանի երազը եղավ նկարել Կոմիտասին` անոր մեջ արտահայտելով իսկական արվեստագետին և մեծ հայրենասերին:
Քյուրքճյան տարիներով փայփայած իր այդ երազը իրականության վերածեց 1905 թվին, երբ իրեն հանձնարարվեր էր նկարել Փարիզի Ժան Գուժոնի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցիի սրբապատկերները:
Քյուրքճյան մեծադիր կտավի մը վրա նկարեց Կոմիտասը` վերացած, աչքերը դեպի երկինք, ուրկե դեպի Կոմիտասի գլուխը կիջնեին լույսի ճառագայթներ, և գլխուն շուրջ` լուսապսակ մը:
…Օր մը, երբ իր աշխատանոցին մեջ Քյուրքճյան իր վերջին ռետուշները կըներ իր «Կոմիտասի» վրա, անակնկալորեն ներս մտավ Կոմիտաս: Պահ մը քարացած իր կենդանի պատկերին առջև` Կոմիտաս բառ չգտավ ըսելու: Մեկ կողմեն Կոմիտասի հոգին կխոնարհեր նկարչի մեծ վարպետության առջև, իսկ մյուս կողմեն հազիվ կկարողանար զսպել իր զայրույթը` տեսնելով զինքը աղերսագին հայացքով դեպի երկինք վերացած:
Իսկ երբ Քյուրքճյան մեծ զգուշավորությամբ հայտնեց Կոմիտասին, որ այդ նկարը դրվելու է նորակառույց եկեղեցին` որպես սրբապատկեր, ան վիրավորված, չկարողացավ այլևս զսպել իրեն և պահանջեց տեղնուտեղը, առանց այլևայլի, ջնջել այդ «մեղսապարտ Կոմիտասը»: Քյուրքճյան, զգալով Կոմիտասի զայրույթի խորությունը, մեծ հուզումով, աչքերուն արցունք, սկսավ ջնջել իր ոգևորությամբ երկնած ստեղծագործությունը:
Կարծես զգալով, որ իր անձն ու գործը ազատված էին հավերժական ծաղրանքե մը, Կոմիտաս համբուրեց Քյուրքչյանի արտասվալից աչքերը և ըսավ. «Իմ ազնիվ բարեկամ, խնդրում եմ` չվշտանաս…քո միամիտ ու անկեղծ սիրուց մղված` սպանել էիր ինձ` պոկելով ինձ իմ ժողովրդից ու հայրենիքից և կապելով երկնքին… Ինձ համար չկա ուրիշ երկինք` քան իմ ժողովրդի հարազատ հոգին…»:
Քյուրքճյան-Կոմիտաս երկարատև բարեկամության մեջ այս դրվագը վճռական նշանակություն ունեցավ Քյուրքճյանի արվեստի վերափոխման տեսակետեն… Քյուրքճյան զգացեր էր Կոմիտասի մեծությունը անոր արվեստի ժողովրդայնության մեջ, ավելի ճիշտը` Կոմիտասի մեջ Քյուրքճյան զգացեր էր հայ ժողովրդի մեծությունը: Ահա թե ինչու այս անգամ Քյուրքճյան կձգտեր հավերժացնել Կոմիտասը` իր ժողովրդին հետ կապված: Քյուրքճյանի այդ երազը, սակայն, դժբախտաբար, չիրականացավ: Վրա հասան Մեծ եղեռնի օրերը, կենդանի մահացավ Կոմիտասը, ստվերապատվեց անոր նկարը Քյուրքճյանի վշտալի հոգիին մեջ:

(«Ժամանակակիցները Կոմիտասի մասին» գրքից)
(Նկարում` կենտրոնում` Կոմիտաս, Արշակ Չոպանյան, Ռուբեն Սևակ)