ՀԱՅ մատենագիր, ով դարձավ ԼԱ ՎԵՌՆԻ ամերիկահայկական միջազգային քոլեջի ՊԱՏՎԱՎՈՐ դոկտոր. Տեսե՛ք թե ինչ փաստեր է բացահայտել.

Պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, մատենագետ, ձեռագրագետ, պատմական գիտությունների թեկնածու, Լա Վեռնի ամերիկահայկական միջազգային քոլեջի պատվավոր դոկտոր ՀԱԿՈԲ ԱՆԱՍՅԱՆ ծնվել է Թուրքիայի Էսքի-Շեհիր քաղաքում: 1925թ. ավարտել է Վենետիկի Սբ. Ղազար կղզու Մխիթարյան վարժարանը, 1931-34թթ Փարիզում հետևել Կ.Բասմաջյանի հայագիտական դասընթացներին։ 1979-88թթ աշխատել է ԱՄՆ Քալիֆորնիայի համալսարանի (Լոս Անջելես) Մերձավորարևելյան լեզուների ուսումնական կենտրոնում։ Եղել է նույն համալսարանի Գրիգոր Նարեկացու անվան հայագիտական ամբիոնի պատվավոր անդամ։

Աշխատակցել է հայ պարբերական մամուլին («Երկունք», «Էջմիածին», «Բազմավեպ», «Շողակաթ» և այլն)։ Տիրապետել է հին և նոր բազմաթիվ լեզուների։ Հեղինակել է հարյուրից ավելի աշխատություններ, որոնք հիմնականում նվիրված են միջնադարյան Հայաստանի քաղաքական կացությանը, կրոնի պատմությանը, մշակույթին, գրականությանը, լեզվին, մատենագրությանը։ Զգալի ավանդ ունի հայ ազգային-ազատագրական շարժումների պատմության ուսումնասիրման բնագավառում։ «17-րդ դարի ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում», «Ստեփանոս Սալմաստեցի» և այլ աղբյուրագիտական ու պատմագիտական մենագրություններում իր իսկ հայտնաբերած վավերագրերի միջոցով վեր է հանել հայ ազատագրական շարժումների չուսումնասիրված կամ պակաս ուսումնասիրված շատ դրվագներ, լուսաբանել հայ ժողովրդի ծանր վիճակը թուրք-պարսկական տիրապետությունների ներքո, արժեքավոր նոր տվյալներ ի հայտ բերել ֆրանսիական և հաբեշական արքունիքների հետ հայ քաղաքական շրջանակների հարաբերությունների վերաբերյալ։

Աղբյուրագիտական, բնագրագիտական կարևոր նշանակություն ունեն «Հայկական աղբյուրները Բյուզանդիայի անկման մասին», «Վարդան Այգեկցին իր նորահայտ երկերի լույսի տակ», «Գրիգոր Շղթայակրի պատմական մեծ հիշատակարանը» և այլ աշխատություններ։ Կազմել և հրատարակել է վերոհիշյալ հեղինակների երկերի գիտաքննական բնագրերը՝ մանրամասն ծանոթագրություններով։ «Վարդան Այգեկցին իր նորահայտ երկերի լույսի տակ» ուսումնասիրությունը կարևոր ներդրում է հայ մատենագրության պատմության մեջ։ Նա հայտնաբերել է Վարդան Այգեկցու «Գիրք հաստատութեան և արմատ հաւատոյ» (գտնվում է Մատենադարանում) դավանական բնույթի ժողովածուն, «Վասն անիրաւ բամբասողաց եկեղեցւոյս Հայաստանեայց» գրվածքը։ Նորովի է ներկայացրել առակագիր Վարդան Այգեկցուն՝ որպես իր ժամանակի մեծագույն աստվածաբաններից մեկի։