Հալիձորի բերդի ԱՆԿՐԿՆԵԼԻ պատմությունը. այնտեղ նույնիսկ ձեռագրեր են ընդօրինակվել

Հալիձորի բերդի մասին շատ տեղեկություններ և  ավանդություններ են պահպանվել: Բայց ավելի հետաքրքրականն այն է, որ այն նախապես եղել է կուսանաց անապատ եւ այստեղ ընդօրինակվել են ձեռագրեր: Վկայություններ կան այն մասին, որ այստեղ ապրել եւ ճգնել են 40 կույս, ինչպես նաեւ վանահայրեր: Քանի որ բնականից տեղանքը լավ պաշտպանված էր, այդ պատճառով հետագայում՝ Դավիթ Բեկի օրոք, անապատը վերակառուցվում եւ դառնում է ամրոց: Հայոց պատմության մեջ քիչ են նման դեպքերը, երբ հոգեւոր արժեք ունեցող կառույցները վերափոխվում են ռազմական դիրքերի: Դրանից հետո Հալիձորի ճարտարապետական համալիրն ուրույն տեսք է ստանում. քառանկյան բերդ, որի կենտրոնում ամրանում են միջնաբերդն ու եկեղեցին:

Բերդը պարսպապատ է, իսկ արեւելյան կողմից այն անառիկ է շնորհիվ անհաղթահարելի զառիթափի, որն իջնում է դեպի Ողջի գետը: Ամրոցի պատերը հաստ են, շարված են անկանոն քարերով: Ամրոցի տարածքումկանմեկից ավելիկլորպաշտպանական աշտարակների ավերակներ: Ամրոցի ներսի շինությունները երկհարկ են եւ կառուցված են այնպես, որ կազմում են մեկ ամբողջական պաշտպանական համակարգ: Հալիձորի պարիսպների մի մասը կիսավեր վիճակում է, մյուս մասը վերականգնված է: Ամրոցն ունեցել է գաղտնուղի, որը, ավանդության համաձայն, տանում է դեպի Ողջի գետի ափը: Գաղտնուղին հայտնաբերվել է ամրոցի վերականգնման ժամանակ (2007-2009թթ.), հայտնաբերվել են նաեւ պատմական, հնագիտական, գեղարվեստական նշանակության իրեր, որոնք պատկերացում են տալիս 17-րդ դարի երկրորդ կեսի եւ 18-րդ դարասկզբի ժամանակների մասին: Ամրոց ջուր է բերվել հեռավոր աղբյուրներից՝ կավե փողրակներով: Մի քանի փողրակ հայտնաբերվել եւ ցուցադրվում է Կապանի երկրագիտական թանգարանում: Ամրոցն ունի երկու եկեղեցի: Ստորին մասում գտնվող եկեղեցին հավանաբար կառուցվել է հեթանոսական մեհյանի տեղում, որի մասին վկայում են պատերի մեջ ագուցված նախաքրիստոնեական զարդանախշերով քարերը, քիվերը:

Միջնաբերդում է գտնվում Սուրբ Մինաս եկեղեցին, որը կառուցված է սրբատաշ քարերով: Եկեղեցու պատերին ագուցված են խաչքարեր, որոնք տեղադրվել են տարբեր ժամանակներում: Նույնիսկ լուսամուտների վերնամասի քարերի փոխարեն օգտագործված են խաչքարեր: Եկեղեցին ունի երկու դուռ, որոնցից մեկը տանում է սյունասրահ, մյուսը՝ դեպի մերձակա երկհարկանի շինություն: Եկեղեցու ներսում՝ առաստաղի վրա, նշմարվում են որմնանկարների հետքերը: Միջնաբերդն ունեցել է ձիանոց, առանձնասենյակներ, սրահներ, օջախով խոհանոց, դիտակետեր եւ այլն: Այստեղ եւս շատ են վիմագիր արձանագրությունները եւ տարբեր ժամանակների խաչքարերը: Միջնաբերդից դուրս պահպանվում է հին գերեզմանատունը՝ տապանաքարերով, որոնց վրա կան վիմագրեր: