Հայ ճարտարապետության պսակը` Զվարթնոցը. գիտե՞ք՝ ում մտահղացմամբ է տաճարը կառուցվել

«Զվարթնոցը ավերակ չէ, այլ մի շեն դպրոց և անոր ամեն մի բեկորներն ու գեղաքանդակ քարերը` դարապատում ուսուցիչներ…»
«…Համաշխարհային ճարտարապետության հազվագյուտ օրինակ և պսակ է հայու ստեղծագործական տաղանդին»:
Հայ ճարտարապետության պատմաբան
Թորոս Թորամանյան
(1864-1934թթ)

Պատմական ակնարկ

641 թ-ին արաբները գրավեցին Հայաստանի նախկին մայրաքաղաք Դվինը , ավերեցին կաթողիկոսանիստ քաղաքը և նրա շրջակայքը: Այդ թվին էր, որ Հայոց կաթողիկոս Ներսես Գ Տայեցու (Շինարար) մոտ միտք հղացավ Վաղարշապատից (Էջմիածին) քիչ հեռու մի ամայի վայրում կառուցել եկեղեցի ու կաթողիկոսարան, որը կդառնա նաև «Նոր քաղաքի» սկիզբը:

Տաճարի կառուցումը սկսվեց 643թ-ին և ավարտվեց 652թ-ին (ըստ Թ.Թորամանյանի): Հայոց աշխարհում կատարվեց մի նոր հրաշագործություն. մտքի և ձեռքի միավորված զորությունը ծնեց հայ ճարտարապետության պսակը` Զվարթնոցը: Տաճարը եռահարկ, արտաքուստ բոլորակ, ներքուստ կենտրոնագմբեթ խաչաձև կառույց էր, չորս հավասար խաչաթևերով(հիմքի տրամագիծը`36մ, բարձրությունը`45մ):

Զվարթնոցը ցնցող տպավորություն էր թողնում իր մեծությամբ ու բարձրարվեստ զարդաքանդակներով: Այն վեհաշուք էր ու աստվածային: Ամբողջ տաճարը ողողված էր լույսով, արևի ճառագայթները կամարաձև (80) և բոլորակ (32) պատուհանների շնորհիվ ներթափանցում էին ներս ու կարծես թևածող հրեշտակներ դառնում:
Ժողովուրդը ծնկել էր տաճարի առաջ ու լուռ աղոթում էր: Ներսես Գ Շինարար կաթողիկոսը փառավորված հոգով ու հպարտ կեցվածքով կատարում էր տաճարի օծումը …
Զվարթնոցը կանգուն մնաց ավելի քան 300 տարի, իսկ ամեն հայի հիշողության մեջ` հավերժ: