Հայկանուշ Դանիելյան և Ավագ Պետրոսյան. ճանաչենք տաղանդավոր ՀԱՅԵՐԻՆ

ՀԱՅԿԱՆՈՒՇ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հայ երգչուհի (քնարական-կոլորատուրային սոպրանո), ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1939): 1920թ. ավարտել է Պետրոգրադի կոնսերվատորիան: Աշխատել է Պետրոգրադում, Թիֆլիսում, հանդես եկել նաև որպես կամերային երգչուհի, 1924թ. մասնակցել Լենինականի օպերա-օպերետային խմբի ներկայացումներին, 1932 թվականից աշխատել է Երևանի օպերայի և բալետի թատրոնում: Նշանավոր դերերգերից են Ջիլդա, Վիոլետա, Դեզդեմոնա (Ջ. Վերդիի «Ռիգոլետտո», «Տրավիատա», «Օթելլո»), Ռոզինա (Ջ. Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Մարգարիտ (Շ. Գունոյի «Ֆաուստ»), մադամ Բատերֆլայ (Ջ. Պուչչինիի «Չիո-Չիո սան»),
Անուշ (Ա. Տիգրանյանի«Անուշ»), Լակմե (Լ. Դելիբի «Լակմե»), Սոֆի (Ա.Այվազյանի «Թափառնիկոս»), Մարֆա (Ն. Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»), Անտոնիդա (Մ. Գլինկայի «Իվան Սուսանին»), Մարգարիտ Վալուա (Ջ. Մայերբերի «Հուգենոտներ»), Մարո (Զ. Փալիաշվիլու «Դաիսի»), Օլիմպիա (Տ. Չուխաճյանի «Արշակ Բ»): Անտոնիդայի և Մարգարիտ Վալուայի դերակատարումների համար 1946թ. Դանիելյանին ԽՍՀՄ պետական մրցանակ է շնորհվել: 1943-51թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում:

ԱՎԱԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ
1912-2000

Հայ երգիչ (դրամատիկական տենոր), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1956), 1924 թվականից Երևանի պետական երգչախմբի երգիչ 1939-ից `մեներգիչ, 1941-ից` Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան: Ազգային օպերաներում մի շարք դերերգերի առաջին կատարողն է, այդ թվում` Սանթուր ( Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ»), Տիրիթ (Տ. Չուխաճյանի «Արշակ Բ»), Սոս (Վ. Տիգրանյանի «Սոս և Վարդիթեր»), Վահան (Հ. Ստեփանյանի «Հերոսուհի», այդ դերի համար 1951թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի), Սեյրան (Լ. Խոջա-Էյնաթյանի «Նամուս»): Լավագույն դերեգերից են նաև Սարո (Ա. Տիգրանյանի «Անուշ»), Աշուղ և Շեյխ (Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ»), Ռադամես, Մանրիկո (Ջ. Վերդիի «Աիդա»,
«Տրուբադուր»):

(«Հայկական օպերա» գրքից)

Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:


(Նկարում` Հայկանուշ Դանիելյան և Ավագ Պետրոսյան)