Հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը․ Հերմոնի վանք

Հայկական ճարտարապետական հուշարձանների թվում իր պատմությամբ ու անկրկնելի գեղեցկությամբ տարբերվում է Հերմոնի վանքը, որը գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզում, Եղեգիս գետի ձորալանջին։

Եղել է կրոնական և մշակութային նշանավոր կենտրոն։ 936 թվականին հիմնադրել են Սյունյաց Սմբատ իշխանը և Հակոբ եպիսկոպոսը։ 1338 թվականին այստեղ է հաստատվել Եսայի Նչեցու աշակերտ Տիրատուր Կիլիկեցի վարդապետը և նոր դպրոցի հիմք դրել (Հերմոնի վանքի դպրոց)։

Ներկայիս Սուրբ Գրիգոր եկեղեցին սրբատաշ բազալտով կառուցված մեկ եռանավ բազիլիկ է (XVII դար)։ Քանդված են ծածկը և հարավային պատի մի մասը։ Վանքի ուղղանկյուն հատակագծով պարսպապատ տարածքում պահպանվել են երբեմնի համալիրի շինությունների հետքեր։