Սյունյաց Սմբատ իշխանի կառուցած բերդը․ այն հայտնի է պատմական ճակատամարտով, որը տեղի է ունեցել 5-րդ դարում

Վայոց ձորի մարզի պաշտպանական համալիրներից առանձնանում է Սմբատաբերդը, կամ Ջաղաց Քարի բերդը։ Պահպանվել են պատմական տեղեկություններ 5-րդ դարում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին։

Ունի բարձր ու լայն (2-3 մ) բրգավոր պարիսպներ, պաշտպանված է Արտաբունի և Եղեգիսի խոր ձորերով։ Երեք մուտքերից հյուսիսայինը (գլխավորը) և արևելյանը սրբատաշ բազալտից կառուցված սրահներ են, տանիքին պահակատներով և դիտանոցներով։

Ամրոցը պատով բաժանվում է երկու՝ հյուսիսային և հարավային մասի, որոնցում պահպանվել են միջնաբերդի, բնակելի շենքերի, ջրավազանների ավերակներ։ Ջուրը բերվել է Ցաղաց Քարի վանքի մոտի աղբյուրներից՝ ջրմուղով։ Ասում են, թե այս բերդը կառուցել է Սյունյաց Սմբատ իշխանը։