«Շեյխ Կոմիտասին արժանի ոչինչ ունիմ հրամցնելիք, բացի իմ ձեռքերով հասունացուցած թթենիներուն առաջին բերքեն». գիտե՞ք՝ ինչն էր ստիպել հայտնի սրնգահար Րուհիին նման քայլի գնալ

1912 թվին ամառը օր մը երիտասարդ նկարիչ ընկերոջս` Զարեհ Գալֆայանի հետ բարձրացանք Շեյիտլիքի գագաթը: Վոսփորի համայնապատկերով գրավված էինք, երբ հանկարծ մեր ականջին հասավ սրինգի մը ձայն: Հետզհետե պայծառացող ախորժալուր եղանակը, պատանեկան թարմ հիշատակի մը օգնությամբ, առջևս բերավ դերվիշ Րուհին: Կանաչազարդ, ծաղկավետ մարգագետիններով մոտեցանք մեզ կախարդող երաժշտության: Այդտեղ տեսանք նկարչական հսկա հովանոց մը, որուն շուքին տակ նստած գտանք նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: Ավելի ուրախացանք` տեսնելով ծառի մը տակ նստած Կոմիտասը, որ կունկնդրեր իր քովը ծալապատիկ նստած սրնգահարը: Այս վերջինը դերվիշական վանականներեն մեկն էր:
Թերլեմեզյանը մեզի ըսավ հետևյալը. «Վերջապես Կոմիտասը այսօր հասավ իր մուրազին: Այս առտու որոշեցի Րումելի-Հիսար նկարելու գալ: Կոմիտասը ինծի միացավ այն վստահությամբ, որ Շեյիտլիքի մենաստանին մեջ պիտի կրնար ծանոթանալ հայտնի սրնգահարին: Շեյիտլիք հասնելուս` մեծ ու փոքր դերվիշներեն շրջապատվեցանք: Կոմիտասի համբավը մեզ արժանացուց հյուրասիրական մեծ պատիվներու: Երաժիշտներուն մեջ ամենեն ավելի Կոմիտասը հետաքրքրեց հայտնի սրնգահար Րուհին, որը նամազը վերջացնելեն հետո սիրահոժար իր ժամերը տրամադրեց համբավավոր հայ երաժշտագետ-երգիչին: Կոմիտասը հետաքրքրվեցավ արաբական և պարսկական երաժշտությանց` հայ եկեղեցական երաժշտության վրա ունեցած ազդեցությունով…»:
Երբ հասանք Կոմիտասին և դերվիշին մոտ, Կոմիտաս սրինգը ձեռք առավ և սկսավ նվագել «Լուր-դա-լուր»-ը` հուզելով ամենքիս: Կոմիտասին ոտքերուն մոտ գլխիկոր ու կծկտած կունկնդրեր Րուհին: Երբ «Լուր-դա-լուր»-ը վերջացավ, դերվիշ Րուհին, տեղեն ցատկելով, ձեռքերը կուրծքին, արտասվելով խոնարհեցավ Կոմիտասին առջև ու գովեց հայ ազգը այդպիսի աստվածատուր որդի մը ունենալուն համար: Երբ Թերլեմեզյանի խնդրանքին վրա Կոմիտասը երգեց «Մոկաց Միրզեն», քիչ հետո մեր շուրջը տեսանք նորեկ խումբ մը: Րուհին, որ պահ մը հեռացած էր, այդ միջոցին վերադարձավ` պղնձյա խոշոր աման մը լեցուն սև և սպիտակ թութ բերելով: «Շեյխ Կոմիտասին արժանի ոչինչ ունիմ հրամցնելիք, բացի իմ ձեռքերով հասունացուցած թթենիներուն առաջին բերքեն»:
Բոլորս հավաքվեցանք մեծ երաժշտագետին շուրջը և անոր սրամիտ կատակներուն հետ կերանք մեղրահամ սև և կարմիր թութը: Երեկոյան տեսանք ժամանող շոգենավը: Սրնգահար Րուհին, կրկին խաչաձևելով իր ձեռքերը, գլուխը խոնարհած, հրաժեշտ տվավ Կոմիտասին` մաղթելով անոր երկար կյանք ու կրկին տեսություն:
Անմոռանալի Կոմիտասը Չպուքլը հասնելուս, իր ամենասիրած գյուղի գեղեցկությանց դիմաց լիաթոք շնչելով, ըսավ. «Այս օրն ալ իր հիշատակով կմնա մեր սրտեորւն խորը»:

Աղավնի Մեսրոպյանի հուշերից
(«Ժամանակակիցները Կոմիտասի մասին» գրքից)