«Գովեցի ծանր վիճակից սրամիտ կերպով դուրս գալուդ համար, ապրե՛ս». գիտե՞ք՝ ինչպես Թոթովենցին հաջողվեց չարժանանալ Զորավար Անդրանիկի ապտակին

Եղել է Անդրանիկի գլխավորությամբ գործող կամավորների շարքում:
Մի օր պատմեց իր հետ պատահած դեպքերից մեկը:
_ Շարքի՛,_ գոչեց Անդրանիկը, և մենք անմիջապես շարք կազմեցինք` ձգվելով մեր զորավարի առջև: Անդրանիկը մոտեցավ առաջին զինվորին.
_ Հրացանիդ համարը ո՞րն է:
Չգիտեր: Ապտակ իջավ զինվորի այտին: Երկրորդը, երրորդը նույնպես չգիտեին: Ոչ ոք չէր հիշում, և բոլորն էլ ապտակի էին արժանանում: Հերթը հասավ ինձ. ես ևս չէի հիշում, բայց որոշեցի մի պատահական համար ասել: Նրա հարց տալն ու իմ պատասխանը մեկ եղավ` 693721:
_ Ապրե՛ս,_ գովեց ու անցավ:
Երեկոյան դեմ կանչեց:
_ Կարծում ես` հավատացի՞, թե հիշում ես հրացանիդ համարը: Բոլորովի՛ն: Գովեցի ծանր վիճակից սրամիտ կերպով դուրս գալուդ համար, ապրե՛ս:

***

Կենսախինդ Թոթովենցը միառժամանակ Կոմիտասի հուղարկավորության տպավորության տակ էր: Զվարթ զրույցներից հեռու էր մնում: Չէր խոսում ու եթե խոսում էր, ապա միայն Կոմիտասից:
_ Ոչինչ ինձ այնպես չի հուզում, ինչպես Կոմիտասի երգը: Գլուխ եմ խոնարհում Բեթհովենի և Մոցարտի առջև, այդ երկուսն ինձ համար երաժշտության բարձրագույն հասկացություններ են: Բայց ինձ համար Կոմիտասը ուրիշ աշխարհ է, անփոխարինելիություն, ինչպես մարդու մանկությունը, ծնողները, մի խոսքով` այն բոլորը, ինչ նրա կյանքում մեկ անգամ է տրվում:

(Ռ. Զարյանի «Հուշապատում» գրքից)