«Ինձ պետք է մի տարի ժամանակ, այնպիսի ազատ տարի, որ ոչ մի օրս ոչնչով զբաղված չլինի». գիտե՞ք՝ ինչու էր Ավ. Իսահակյանին 1 տարի ազատ ժամանակ պետք

Մի օր խոսք բացվեց «Ուստա Կարոյի» շուրջը: Կշտամբում էին Վարպետին, թե մի կես տարի, մի տարի, ինչքան որ պետք է, ժամանակ չի գտնում, որ վեպը մշակի և մեջտեղ բերի: Վարպետն ասաց.
_ Ինձ պետք է մի տարի ժամանակ, այնպիսի ազատ տարի, որ ոչ մի օրս ոչնչով զբաղված չլինի: Որտեղի՞ց այդպիսի ազատ ժամանակ:
Եվ հետո ավելացրեց.
_ Շատ մտքեր ու ասացվածքներ եմ լսել, դրանց մի մասը գրի եմ առել, մի մասը մտքիս մեջ է, պետք է հերոսներիս խոսքը դրանցով համեմվի: Խոր զգացողություն է պահանջվում` ով ասի, կամ այնպես չպատահի, որ մեկն ասի չասելիքը: Ու եթե այս նորերով պիտի եղածը փոխարինեմ, որի՞ց հրաժարվեմ, ո՞րը թողնեմ: Հեշտ խնդիր չկարծեք:
Մի պահ լուռ մնաց ու հետո ասաց.
_ Մորիցս լսած մի խոսք` զրկողը չի ապրի, զրկվողը կապրի: Կամ մի ուրիշը, միտս էլ չէ, թե երբ եմ լսել. վայելած մարդը աշխարհից ավելի հեշտ կգնա, քան կյանք չտեսածն ու չվայելածը:
Մի պահ լուռ մնալուց հետո.
_ Ժողովրդական մտածողություն է:
Հետո ծայր առավ վեճը` վայելածը հանգիստ կբաժանվի կյանքի՞ց, թե՞ կյանքի համը չիմացողը: Վարպետը, ժպիտը դեմքին, լսում էր:
Մի օր ասաց, թե Ժնևում շատ է զբաղվել «Ուստա Կարոյով»: Այն կարծիքին էր, թե դա իր գլուխգործոցն է, «Դոն Քիշոթի» պես մի բան: Ուստա Կարոն, ինչպես ասում էր նա, ժողովրդի ծոցից դուրս եկած, ինքնուս, խորամանկ, զվարճախոս, գյուղական շրջանների մեջ ամենագետ, մի խոսքով` հայ ժողովրդական փիլիսոփայության մարմնացումն է:

Ռուբեն Զարյան
(«Հուշապատում» գրքից)