«Ես ուրախ եմ, որ կարող եմ ասել մի քանի խոսք Ձեր արտասովոր տաղանդի մասին». գիտե՞ք՝ ում մենահամերգն էր ցնցել Արամ Խաչատրյանին

Հատված պրոֆեսոր Կարլեն Դանիելյանի «Լուսինե Զաքարյան» գիրք-էսսեից:

1977 թվականի ապրիլի 26-ին Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճը (այժմ՝«Արամ Խաչատրյան» համերգասրահ) լեփլեցուն էր: Լուսինեի մենահամերգը, ինչպես միշտ, անցնում էր խոր երաժշտական ու մարդկային բավականության պայմաններում: Յուրաքանչյուր համարից հետո դահլիճը արձագանքում էր հևքոտ ու տաք շնչառությամբ, որ հասնում ու ձուլվում էր երգչուհուն: Նախապատրաստվելով հաջորդ երգին, անբացատրելի ազատությամբ էր լցվում, նա առնում էր դահլիճի ուժը, որովհետև համակրանքը և ծափերի մեջ դրված ոգեշունչ նվիրվածությունը անկեղծ էին, մինչև վերջ բաց-խոստովանություն:
Նա եկավ համերգի առաջին բաժնի վերջում ՝ Մարգարիտա Հարությունյանի ուղեկցությամբ և տեղավորվեց չորրորդ կարգում: Լուսինեն տեսավ նրան՝ սիրելի մաեստրոյին, հայ ժողովրդի մեծ զավակին: Արամ Խաչատրյանի հետ ինքը և Խորենը բարեկամացել էին մի քանի տարի առաջ՝ Կարլովի Վարի առողջարանում հանգստանալիս: Ճանաչում էր կոմպոզիտորը Լուսինեի ազնիվ հոգին և բարի սիրտը, գնահատում ՝ կատարած գործը:
Սկսվեց համերգի երկրորդ բաժինը՝ միջնադարյան երգեր, Կոմիտաս և Եկմալյան: Լսում էր ուշադիր, անհանգիստ: Կարծես հայտնություն էր իր համար: Լիքը, փամփլիկ դեմքը, մսոտ, հաստ շրթունքները դողում էին հուզմունքից ու բավականությունից: Յուրաքանչյուր երգից հետո ինչ-որ խոսքեր էր բացականչում, սրբում էր արցունքները:
Մարիանայի (Մարիանա Հարությունյանի մասին է խոսքը, Լուսինեի երկար տարիների կոնցերմեյստերը) ռոյալը ծածկված էր ծաղիկներով: Բաց երկնագույն շրջազգեստով, կապույտ զմրուխտե ականջողերով, շիկնած ու վայելչատես Լուսինեն ծաղիկների միջից ջոկում էր ամենալավերը: Դահլիճը թնդում էր ծափերի որոտից: Ծաղիկների մի հսկա խուրձ գրկին մոտեցավ բեմի առաջնամասին և սկսեց ծափահարել՝ դեմքով ցույց տալով մեծ կոմպոզիտորին:
Արամ Խաչատրյանը մոտեցավ Լուսինեին: Երբ երգչուհուն համբուրելուց հետո, ծաղիկները ձեռքին նա դեմքով դարձավ դեպի դահլիճը՝ ծափահարությունների փոթորկը սուրաց կատաղի վերելքով: Բոլորը ոտքի էին: Ծերունազարդ կոմպոզիտորը ցնցվում էր հուզմունքից, աչքերից հոսում էին արցունքները: Նա կանգնել էր շվար, ուրախության մեջ՝ երջանիկ գնահատության այդ ցույցից և մանավանդ մարդկանց հարազատ-մտերիմ, կայտառ-կայծակող աչքերում նստած գերազնիվ ոգևորությունից: Տևական ժամանակ դահլիճը չէր հանդարտվում, հետո բեմը կիսամութ դարձավ և երկնքից ասես օրհնություն և օվսաննա թափվեց: Լուսինեն տալիս էր «էության գերագույնը»: «Սուրբ, սուրբը» ասես երգում էր միայն Արամ Խաչատրյանի համար: Մեծ կոմպոզիտորը այլևս անջատվել էր դահլիճից. նա ինքն իր հետ էր՝ միջնադարյան մեղեդու անմեկնելի գեղեցկության հետ:
Համերգից հետո, ներս մտնելով փոքրիկ զարդասենյակը, նա կրկին համբուրեց Լուսինեին և նստելով գրասեղանի առաջ՝ գրեց. «Սիրելի Լուսինե, ես ուրախ եմ, որ կարող եմ ասել մի քանի խոսք Ձեր արտասովոր տաղանդի մասին: Ձեր այս համերգից ես ստացա իսկական, վիթխարի գեղարվեստական բավականություն: Դուք ունեք շատ գեղեցիկ, բոլոր ձայնասահմաններում սահուն, լսելիքը, սիրտը և գիտակցությունը շոյող ձայն: Ձեր պարզությունը և Ձեր կատարման անարատ մաքրությունը հմայում է լսողին: Բոլորը կարկամում են: Դա ինչ-որ կախարդանք է: Թող Ձեր արվեստը պատռի բոլոր սահմանները և նվաճի տիեզերքը
Արամ Խաչատրյան
26.4.1977»: