«Սիրելի ուսուցիչ, մենք քո աշակերտներն ենք, ճանաչու՞մ եք մեզ». արդյո՞ք Մակար Եկմալյանը ճանաչեց իր աշակերտներին

Եկմալյանի ծանր հոգեկան հիվանդության օրերից անցել էր մոտ երկու տարի, և մենք հնարավորություն չունեինք տեսնելու մեր ուսուցչին: Նա դարձել էր մեզ համար, ինչպես ասում են, հեքիաթ: Բավական էր` նրա աշակերտներից մի քանի հոգի հավաքվեին, խոսակցությունը անմիջապես նրա շուրջը պիտի պտտեր:
Մի օր եկավ ինձ մոտ իմ ընկեր Հ. Հովհաննիսյանը ու հայտնեց ինձ, որ Եկմալյանը Թիֆլիսումն է և այն էլ այստեղից ոչ հեռու, հենց մեր փողոցում, մեզնից շատ մոտ:
_ Ինչպե՞ս, Եկմալյանը մեր փողոցու՞մ,_ շփոթված հարցրի ես և հազիվ զսպելով հուզմունքս` շուտով դուրս եկանք տանից` տեսնելու մեր թանկագին հյուրին:
_ Ահա՛, այն տանն է ապրում Եկմալյանը,_ ասաց ընկերս` անգիտակցորեն քայլերն արագացնելով:
Տան առաջ հավաքված հարևանները, ինչպես սովորաբար լինում էր, իրենց զրույցն էին անում: Մի կողմ նստած էր գլխաբաց մի մարդ, որի շուրջը բոլորել էին Հավլաբարի չարաճճիները և հետաքրքրությամբ նայում էին այդ անսովոր մարդուն: Իսկ նա, անհոգ նստած, արևածաղիկ էր ուտում:
_ Ահա՛ և Եկմալյանը,_ բացականչեց ընկերս,_ դե՛հ, մոտենանք:
Ես տեղումս մի վայրկյան արձանացա` խոսք չգտնելով ասելու, և ապա մի շարժում անելով` մոտեցա և երկու ձեռքով սեղմեցի նրա ձեռքը և համբուրեցի: Ըստ երևութին, այդ նրա համար անսպասելի էր. նա իմ տաք համբույրից դողաց, վեր կացավ և շփոթված նայելով ինձ` համբուրեց ճակատս` ձեռքս երկար ժամանակ բաց չթողնելով: Այդ տեսարանը սաստիկ հուզեց մեզ:
_ Սիրելի ուսուցիչ, մենք քո աշակերտներն ենք, ճանաչու՞մ եք մեզ,_ այս ասելով` հիշեցրինք մեր ազգանունները:
Նա դարձյալ նայեց մեզ` կարծես կամենալով մտաբերել, և մի փոքր հետո անգիտակցորեն պատասխանեց.
_Այո՛, ճանաչում եմ, դուք իմ աշակետներն եք:
Նրա եղբայրը, որը նստած էր նրա մոտ, մեզ ներս հրավիրեց, և մենք, Եկմալյանի թևը բռնած, բարձրացանք երկրորդ հարկը:
_Ամեն առավոտ,_ պատմեց մեզ եղբայրը,_ վեր է կենում և ամենից առաջ մաքրում է դաշնամուրի փոշին, ապա վերցնում է ջութակը, նույնպես մաքրում և մեծ խնամքով տեղը դնում:
Ընկերս, որի ձեռքին Չայկովսկու մեներգն էր` հեղինակի պատկերով, ցույց տալով նրան, հարցրեց.
_ Ճանաչու՞մ եք սրան, Պ. Եկմալյան:
_ Այո՛,_ ուրախացած բացականչեց նա,_ ճանաչում եմ, դա Չայկովսկին է:
Որքա՜ն մեծ եղավ մեր զարմանքը, երբ ո՛չ մեզ, ո՛չ էլ իր ամենամոտ բարեկամին չճանաչող մարդը իսկույն ճանաչեց Չայկովսկուն, որին երևի ամենից շատ է սիրել, որով ամենից շատ է ապրել…
Մենք երկար չկարողացանք դիմանալ այնտեղ և ծանր տպավորության տակ սեղմեցինք մեր դժբախտ ուսուցչի ձեռքը և հեռացանք:
Տարիներով փայփայած հրաշագործ ուղեղը այժմ հյուծվում, մաշվում էր մահաբեր թույնից…
Չանցած մեկ ամիս` նրա թարմ գերեզմանի վրա իր տխուր մահերգը երգեցինք:

Անտոն Մայիլյանի հուշերից
(«Մակար Եկմալյան» գրքից)