Մայր թատրոնին նա նվիրեց իր կյանքի 31 տարին․ լավ մարդ ու պարզապես պատվով հայ

Բաբկեն Ներսիսյանի տաղանդը ամենուր էր երևում։ Դա էր պատճառը, որ նա Վարդան Աճեմյանից հրավեր ստացավ աշխատելու հայոց մայր թատրոնում՝ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական  թատրոնում։ Հասկանալի է, որ այդ հրավերն անմիջապես ընդունվեց, քանզի մայր թատրոնում աշխատելը յուրաքանչյուր հայ դերասանի գլխավոր երազանքն էր։

Մայր թատրոնում Բաբկեն Ներսիսյանը անմնացորդ նվիրումով ծառայեց 31 տարի, մինչև 1986 թվականի փետրվարը, երբ կնքեց իր մահկանացուն։ Այս թատրոնում էլ, որտեղ հանդես էին գալիս հայոց թատրոնի մեծերը՝ Վահրամ Փափազյանն ու Հրաչյա Ներսիսյանը, Գուրգեն Ջանիբեկյանն ու Վաղարշ Վաղարշյանը,  Ավետ Ավետիսյանը և էլի շատ ու շատ տաղանդավոր դերասաններ, Բաբկեն Ներսիսյանը «չկորավ»։

Նա շատ շուտով դարձավ այն դերասանը, ով վստահորեն փոխարինելու էր մեր Մեծերին, ինչպես դա պատահեց, երբ նա Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսում փոխարինեց Վահրամ Փափազյանին,խաղալով Բեն-Ալեքսանդրի դերը, իսկ պատանի Ջոնիի դերով առաջին անգամ բեմ բարձրացավ  Բաբկեն Ներսիսյանի իննամյա որդին՝ Տիգրանը։ Լևոն Ազրոյանի հոդվածից։