Ո՞վ էր փրկել ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ, երբ նա գետն էր ընկել. դրվագներ երգչուհու մանկությունից

Մայիսի վերջերն էին: Փոցխով գետը բարակել-հանդարտել էր: Շոգ կեսօր էր: Անցուդարձը գրեթե դադարել էր: Մի աղջնակ` հյուսկեն մազերին սպիտակ վարդակապ, դպրոցից տուն էր դառնում: Թանաքամանը ձախ ձեռքին` աջով նա պահում էր քրքրված ու գույնը կորցրած պայուսակը: Հին կամրջի կեսն անգամ չէր անցել, երբ նա անհետացավ:
_ Երեխան կամրջից ընկավ,_ բղավում էր մի կին` վազելով հակառակ ծայրից: Արագորեն մարդկանց մի խումբ գոյացավ: 14-15 տարեկան մի պատանի իրեն նետել էր գետը և հիմա Լուսինեին գրկած դուրս էր գալիս ափ: Երիտասարդները, կանայք վազում էին պատանուն օգնելու:
Գունատ, ցրտից դողալով, ամբողջությամբ թրջված, բայց թանաքամանն ու պայուսակը ձեռքերում ամուր սեղմած Լուսինեն ինքն էլ չէր հասկանում, թե ինչպես է կամրջի ջարդված տախտակամածից ցած ընկել և հայտնվել մարդկանց այս բազմության մեջ…
Լուսինեն այդպես էլ չկարողացավ մտաբերել իր հետ կատարվածի մանրամասները: Միայն երբեմն-երբեմն թվում էր, որ ինքը ցած է ընկնում տանիքից կամ մի ինչ-որ բարձր տեղից: Ճչում էր, ձեռքերը առաջ մեկնում, հետո սահում էր հանդարտիկ, սիրտը ճմլվում էր ուրախությունից ու բավականությունից, թվում էր` մարմինը փետուրի պես տարուբերվում է և չի շտապում ներքև իջնել: Այդպիսի րոպեներին նա երանության մի զգացողություն էր ունենում, որ պահվում էր գրեթե ամբողջ օրը:
Վերոնիկան հիշում է, որ Լուսինեն զարմացրել էր իրեն արտակարգ լսողությամբ: Աղջիկը շտկել էր մոր նվագածի անճշտությունը և արդեն վարժ նվագում էր: Երաժշտություն լսելիս կամ երգելիս նա երանության այն զգացողությունն էր ունենում, ինչ թվացող թռիչքի պահին:
Փոքրիկ Լուսինեն ամենևին ամաչկոտ չէր: Ուժը, որ հորդում էր երակներում, նրան ստիպում էր արագաշարժ լինել, ռիթմի զգացողությունը նրբագեղություն էր հաղորդում շարժումներին: Սիրում էր գունեղ երաժշտությունը, ամենաարագ ասերգերը և խելահեղ պարեղանակները: Նա սովորեց ակորդեոնով նվագել Լիստի հունգարական ռապսոդիանեից մեկը` արագընթաց ու գահավեժ` փոքրիկ մատիկներով ուժգնորեն սահելով ստեղների վրայով:
…Ախալցխայի N 4 ռուսական տարրական դպրոցը նոր էին կառուցել: Չորրորդ ժամին ձախակողմյան դասասենյակներից մեկում երեխաները մանկական ինչ-որ երգ էին երգում, Ռոզա Խաչատուրովնան հանկարծ ընդհատեց երգը` վերջում բարձրացած աղմուկի պատճառով: Լուսինեն դպրոց էր բերել մի թավամազ կատվիկ: Աղջիկը չպատժվեց դրա համար, բայց ստիպված էր քավել մեղքը` վազքով տուն տանել կատվիկին և վերադառնալ:
_ Դու, ուրեմն, երգել չե՞ս սիրում:
_ Այնքան էլ չէ: Ես սիրում եմ թատրոն խաղալ և նվագել:
_ Նվագել գիտե՞ս:
_ Երկու տարի սովորել եմ դաշնամուրային խմբակում:
_Դու լավ աղջիկ ես, բայց պետք է նաև երգել սովորել:
_ Կերգեմ:
Դիրեկտորին տված խոստումը Լուսինեն հետագայում կատարեց: Ինքնագործ խմբակի երգչուհին դարձավ և չորրորդ դասարանում արդեն բոլորը գիտեին, որ դպրոցում ամենից լավ երգում և արտասանում է Գելենց Հաբեթի աղջիկը` վտիտ, խոշորաչք, աղմկոտ Լուսինեն: