«Մենք նրան տեղ էինք հասցնում և հանգիստ վերադառնում մեր տները` համարելով, որ մեր գանձը պաշտպանված է չար վտանգից». գիտե՞ք՝ որ ՀԱՅՈՒՀՈՒ մասին են Ավ. Իսահակյանի այս խոսքերը


ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԸ ՍԻՐԱՆՈՒՅՇԻ ՄԱՍԻՆ

Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:

Առաջին անգամ տեսել եմ 90-ի սկզբներին: Պատանի էի` հափշտակված, երազներով տարված: Ներկայացումներից հետո երիտասարդներս գնում էինք և թատրոնի դռների մոտ սպասում նրա դուրս գալուն: Երբ երևում էր շեմքին, ծափահարում էինք, գոռում-գոչում: Երբեմն Շիրվանզադեն լինում էր հետը: Սիրանույշը ժպտում էր, գլուխ տալիս ու անցնում, իսկ Շիրվանզադեն` հպարտ, չէր էլ նայում մեր կողմը և եթե նայում էլ էր, արհամարհական հայացքով: Երբ Շիրվանզադեն Սիրանույշի հետ չէր լինում, մենք գնում էինք ետևից, լուռ, անխոս, ասես նրա թիկնապահները լինեինք: Նա գնում էր հանդարտ քայլերով` հաճախ չիմանալով, որ հետևում ենք իրեն: Իսկ մենք նրան տեղ էինք հասցնում և հանգիստ վերադառնում մեր տները` համարելով, որ մեր գանձը, ինչպես համարում էինք նրան, պաշտպանված է չար վտանգից:
90-ական թվականների վերջերին էր: Սիրանույշը Ալեքսանդրապոլ էր եկել: Գնացի մոտը և տարա նրան իմ առաջին գիրքը`«Երգեր ու վերքերը»: Մի քանի օր հետո կանչեց մոտը: Կարդացել էր, գովեց, ասաց, թե երգերդ սրտաբուխ են, անկեղծ, ջերմ: Լավ ես գրել, ապրես: Ասում էր. «Դու իմ մեծ մանչս ես»:
Տեսել եմ: Շատ դերերում եմ տեսել: Հետագայում հաճախ եմ հանդիպել կյանքում, զրուցել հետը, մոտիկից շփվել: Գեղեցիկ չէր, բայց հմայք ուներ, ասես ներքուստ ճառագում էր: Աչքերը լավն էին: Նրան հանդիպելիս մի զարմանալի զգացում էր համակում ինձ, ոչ միայն ինձ, շատերին: Մի պատկառանքի զգացում կար մեր մեջ Սիրանույշի նկատմամբ, որ մեզ պահում էր միշտ տարածության վրա: Թեև կանացի հրապույրով լի, նա մեզ կին չէր թվում: Կարծես եթերային լիներ, ավելի կնոջ սիմվոլացում, քան կին: Վիրավորվում էինք, երբ նրա մասին մեկն ու մեկը արտահայտվում էր որպես կնոջ: Նա վեր էր այդ ըմբռնումից: Նույնը չեմ կարող ասել Օլգա Մայսուրյանի, Արուս Ոսկանյանի մասին: Սրանք երկրային էին, իսկ Սիրանույշը թվում էր մի բարձր էություն անշոշափելի, ոչ թե անմատչելի մեկ կամ մյուսի համար, այլ ընդհանրապես:

Ռ. Զարյանի «Հուշապատում» գրքից