«2 մեծանուն ՀԱՅ՝ մեկ տեղում». Պետրոս Հոկտանյանի «Այսօր այն օրն է, որտեղ ոչ ես կամ, ոչ էլ՝ դու» ՀՀ վաստակավոր արտիստ Բաբկեն Չոբանյանի կատարմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պետրոս Հոկտանյան՝ "Այսօր" 
Կարդում է ՀՀ վաստակավոր արտիստ Բաբկեն Չոբանյանը
Այսօր այն օրն է, որտեղ ոչ ես կամ, ոչ էլ՝ դու, 
Պարզապես կանք մենք՝ բառիս ամենալայն իմաստով,
Եվ հենց այս օրը պիտի լինի նախորդ այս օրերից մի փոքր տարբերվող,
Որը չի կրելու իր մեջ անցյալ...
Ասեմ ավելին, այն երբեք անցյալ չի էլ դառնալու:

Այսօր հազարների կյանքեր պիտի կրեմ իմ ներսում, 
Ու միայն այսօր չեմ գոռալու իմ հիվանդության ու մահվան վրա...
Այսօր ես չեմ սիրելու,
Իսկ ո՞վ կցանկանա ինձ սիրել...
Անիմաստ պիտի զոհվի Գանգես գետի ափին պատահական կրակոցից, 
Իսկ նրան հուղարկավորողները, որպես կանոն, կհարբեն մի մարդու նման:

Այսօր պիտի խորհեմ աշխարհի մասին,
Եվ մտածումիս մեջ Աստված ներկա կլինի...
Կսկսեմ էլի տեսնել հոգիների հերթափոխը, 
Իսկ ապրածս կյանքը տարիներով չափելու փոխարեն կչափեմ օրերով...
Երևի միայն այս դեպքում կկարողանամ համոզել ինձ, որ 
Էլ չի կրկնվելու այն, ինչը ապրեցինք սխալ,
Բայց այնուամենայնիվ կուրախանամ, որ հայտնվել ես իմ կյանքում:
Որ դեռ կաս ու գոյություն ունես

Այսօր ես կապրեմ այնքան,
Որ իմ տաք շնչից մահը վերանա,
Եվ այնքան կմեռնեմ, որ դու նորից ծնվես,
Կհիշեմ կրկին իմ բոլոր պարտությունները՝ չմոռանալով հաղթանակներիս մասին:
Այսօր այնքան պիտի լռեմ, որ իմ լռությունից թոքախտ բուրա,
Պիտի հայտնվեմ ուրիշ փողոցներում,
Պիտի մտնեմ ուրիշ աշխարհ, որ վրայիցս հանեմ մարմինս, իսկ հոգիս...
Ես հոգի չունեմ.
Ես այն վաղուց եմ նվիրել...

Այսօր Տերն իմ պատկերը նորից պիտի ստեղծի,
Մնացածը մարդն է լրացնելու, 
Իսկ դու բախտ կունենաս սեփական աչքովդ տեսնելու իմ վերածնունդը:

Այսօր դու կսկսես փնտրել ետդարձի ճամփան՝
Աղերսելով ընթացքի դադար,
Կգիտակցես, որ առանց ինձ չունես փրկության հնար, 
Որ հենց ես եմ քո փրկիչը, 
Որ ուզում ես կրկին խեղդվել իմ լայնության մեջ, որն իմ երսում է...

Հավատա, ես այսօր կստեղծեմ բոլոր պայմանները՝
Քեզ տալով հաղթողի դեմք ու շապիկ,
Որ էլի սկսես մեր ապագայի համար մաքառել,
Կհրահրեմ մի նոր սխրանք գործելու,
որովհետև սխրանքի պահը ավելի թանկ է, քան հավերժական գոյությունը,
Ու հենց այսօր էլ մեր տաք անկյունում կնշենք իմ ու քո հաղթանակը,
Կխմենք վերադարձիդ կենացը քո դու-ի համար,
Որն իմ ես-ն է մինչև այսօր...