«Բազմաթիվ դժվարությունների միջով է անցել, որոնց մասին պատմել է ծառայության ընթացքում գրած վիպակում». 44-օրյա պատերազմի մասնակից, ապագա կինոռեժիսոր ՀԵՐՈՍ ԽԱՉԻԿԸ

Ապագա կինոռեժիսոր, 44-օրյա պատերազմի մասնակից Խաչիկ Գրիգորյանը ծնունդով Երեւանից է: Ապագա կինոռեժիսորը սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում:

Երիտասարդը մասնակցելով 44-օրյա պատերազմին, հավատացած է, որ ոչ մի ֆիլմ չի կարող արտացոլել այն, ինչը սեփական աչքերով Արցախում՝ Հադրութում է տեսել ու դրա միջով անցել: Նույն աչքերում մնացել է Արցախը՝ որպես տուն ու տեղ, անբաժան մասնիկ, ընկերների արյամբ սրբացած հայրենիք: Բայց եւ այնպես, նրա մեջ ներքին մի ուժ կա, որ մղում է հավատալու՝ փյունիկի պես վեր կհառնի Արցախը: Խաչիկը պատերազմի մասին խոսել չի սիրում: Ասում է՝ միշտ չէ, որ հիշողությունները լավ բաների մասին են պատմում:

Սակայն նա պարտադիր զինծառայության ընթացքում հասկացավ, որ հիշողությունները շատ թանկ են, որոնց շնորհիվ  հաճախ ժպտում է կամ տխրում, բայց վստահեցնում է՝ դրանք ապրեցնող հատկություն էլ ունեն եւ մղում են ստեղծագործելու: Նրա ստեղծագործություններում հաճախ ենք տեսնում պատերազմի գույները, որոնք կարծես սպի են դարձել: Մենախոսություն-նամակում, որը մարտադաշտում անմահացած ընկերոջը՝ Լեւոն Մանթաշյանին  է նվիրված, գրել է Երեւանում՝ աջ ձեռքի շրջանում հրազենային վիրավորում ստանալուց հետո, երբ բուժման փուլում էր:

Վիրավորված ձեռքով էլ գրեց. «Դու ու տիեզերքը, դու ու աստղերը հասաք իրար։ Դիրքերում միասին կանգնած գիշերը զրուցելիս ասում էիր, որ հեռու են, շատ հեռու։ Մենք խոսում էինք էդ մասին ու ցրում քունը գլխներիս, բայց ես հիմա եմ հասկանում, որ քնելուց բացի, էլի բաների դեմն է առել էդ զրույցը»,-գրում է Խաչիկը, ապա հիշում ընկերոջ խոսքը. «Դու ասում էիր, որ ամենամեծ ուժը միտքն ունի, մտքի ճանապարհն է լավագույն տարբերակը ամեն ինչ հնարավոր դարձնելու»: Խաչիկը նաեւ դաշնամուր է նվագում: Անգամ վիրավորվելը չխաթարեց նրա նվագը… «Փոքր բաների համար էլ  է պետք  երջանկանալ»,-ասում է նա:

Գրելու միջոցով Խաչիկը նաեւ ինքնաճանաչման է դիմում՝ կողքից դիտելով այն, ինչ կապված է իր կյանքի հետ: Դրանով նաեւ փորձում է իր մտածողությանը համադրել այն գույները, որոնք ինքն է պատկերացնում ու ճիշտ գտնում: Ծառայության ընթացքում վիպակ է գրել, որը հիմա շարունակում է: Դեռ վստահ չէ՝ գրքի տեսքով կհրատարակվի, թե ոչ, բայց մի բան հաստատ գիտի՝ շարունակելու է գրել, որովհետեւ գրական հավատամք ունի: Վիպակում նաեւ մանկության հուշերն են տեղ գտել:

«Ինձ համար ստեղծել եմ մի աշխարհ, որտեղ կմեկուսանամ, կապրեմ, կրկին մանկությունս կտեսնեմ ու ինչ-որ պահ կկտրվեմ իրականությունից: Ամեն անգամ համոզվում եմ՝ ինչ լավ բան է մանկությունը»,-ասում է Խաչիկ Գրիգորյանը, հիշելով՝ երբ արձակուրդ էր գալիս ու երեւանյան կրպակների ցուցափեղկերին տեսնում թերթի առաջին էջում տպագրված ստեղծագործությունն իր նկարով, կարծես խաղաղվում էր, որ ե՛ւ Երեւանում է, ե՛ւ Արցախում:

Եվս մեկ անգամ հիշեցնում է՝ հաջողությունների ճանապարհն անխոչընդոտ չի լինում, իսկ դժվարությունները մարդու համար են:

Խաչիկը շատ ծրագրեր ունի, բայց ճիշտ չի գտնում դրանց մասին նախապես խոսել:

«Առավոտ» օրաթերթ