Գիտե՞ք թե ով է հայկական ԱՌԱԿԻ հիմնադիրը. Ի՞նչն էր նրա նպատակը. Ինչպես նրա փառքը հասավ Եզոպոսին և Լաֆոնտենին .

Հայ մտածող–գիտնական, օրենսդիր, առակագիր, հոգևորական, մանկավարժ, հասարակական գործիչ Մխիթար գոշը գեղարվեստական արձակի հիմնադիրն է հայ գրականության մեջ։ Մ. Գոշը իր ժողովածուն կազմել է ուսուցողական նպատակներով։ Նրա համար առակը հրապարակախոսության միջոց է՝ դրվատելու առաքինությունները, ծաղրելու պակասությունները, հիմարությունն ու տգիտությունը, խարազանելու չարիքը։ Ժողովածուն ունի կուռ կառուցվածք. պարունակում է 190 առակ, որոնք երեք բաժիններում դասավորված են որոշակի կարգով, ըստ գործող անձանց կամ նյութի՝ երկնային մարմիններ ու երկիր, տնկիներ ու ծառեր, բույսեր ու ծաղիկներ, մրգեր, լեռ, գետ, աղբյուր, ջրային ու ցամաքային կենդանիներ, թռչուններ, մարդիկ։

Բարոյականք կոչված առակների նյութը բույսերի և կենդանիների հատկություններն են, բարքը, որ հեղինակը դնում է իբրև առակի պատմողական մաս և դրանից հանում բարոյախոսական եզրակացություն։ Այդ պատճառով էլ այս խմբի առակները մեծ մասամբ սակավ գործողությամբ այլաբանական համեմատություններ են։ Գործողությունն ուժեղ է առասպելական և ստեղծական կոչված առակներում, որոնց նյութը քաղված է կենդանիների ու մարդկանց կյանքից։ Բոլոր դեպքերում պատմվածքի մասը ծավալուն չէ։ Առասպելական, մասամբ և ստեղծական առակներում Մ. Գոշը վերցնում է այնպիսի գործող անձինք, որոնց սոսկ անունները պատրաստի հասկացություններ են. աղվես՝ խորամանկություն, նապաստակ՝ վախկոտություն, արջ՝ միամտություն–հիմարություն ևն։ Նրա առակների ժողովածուն առաջին արձակ ստեղծագործությունն է հայ գրականության մեջ, որ գրված է իբրև գրական–գեղարվեստական երկ։

Մ. Գոշի առակներն առաջին անգամ հրատարակվել են 1790 թվականին Վենետիկում, թարգմանվել են ֆրանսերեն և ռուսերեն։ Մխիթար Գոշի Դատաստանագիրքը հայոց և միջազգային իրավունքի պատմության մեջ մեծ իրադարձություն է եղել։ Այն պարունակել է այնպիսի դրույթներ, որոնք տեղ են գտել այժմյան բազմաթիվ իրավական ակտերում։ Գոշը այնպիսի գաղափարների հեղինակ է, որոնք բխել են անմիջականորեն մարդու բնական իրավունքներից։ Դատաստանագիրքը պարունակել է քրեական, քաղաքացիական և այլ կարևոր հարաբերություններ կարգավորող դրույթներ։